Աննա Հակոբյանն արդեն վերադարձել է Լոս Անջելեսից ու շարունակում է այցելել Արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած զինծառայողների ընտանիքներին:
Հակոբյանն ԱՄՆ մեկնել էր իր ծննդյան նախօրեին, ինչով պայմանավորված էլ սկսեցին խոսակցություններ տարածվել այն մասին, որ նա մեկնել է Լոս Անջելեսում իր ծնունդը նշելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ մեկնելուց մի քանի օր առաջ էլ Հակոբյանը մեկնել էր Մոսկվա: Այս այցի մասով էլ խոսակցություններ էին տարածվել, որ նա մեկնել է իր ընտանիքի համար անշարժ գույք ձեռք բերելու նպատակով:
Ինչպես Մոսկվայի, այնպես էլ Լոս Անջելեսի դեպքում Հակոբյանի կողմից որևէ պարզաբանում չեղավ, թե ինչու են կայացել այցերը: Միայն Մոսկվայի դեպքում նրա եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանն ասաց, որ այցը կրում է մասնավոր բնույթ:
Եթե նկատի ունենաք այն, թե մինչև վերջերս վարչապետի ընտանիքն ինչ ակտիվությամբ է լուսաբանում իր ամեն մի քայլը, այս այցերի գաղտնիությունն առնվազն տարօրինակ է ու շատ հարցերի ու ենթադրությունների առիթ է տալիս: Վարչապետի ընտանիքն իր հերթին որևէ բան չի ասում ենթադրությունները բացառելու համար:
Աննա Հակոբյանն օգնականներ ունի, սակայն նրանք խորհրդավոր են, ինչպես Գանձերի կղզին ու նրանց հետ կապ հաստատելն ավելի բարդ է, քան՝ Մարիա Զախարովայի հետ խոսելը:
Ուստի Analitik.am-ը փորձեց այս այցերի մասին որևէ բան իմանալ վարչապետի աշխատակազմից: Մենք ցանկանում էինք իմանալ, թե ինչ գիտի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վարչապետի կնոջ՝ Մոսկվա ու Լոս Անջելես կատարած այցերի մասին ու ինչ ինֆորմացիա կարող է փոխանցել նշյալ թեմայի վերաբերյալ: