Search
Close this search box.

Պատերազմում կռվով- դավով նռնակ էինք ուզում, չէին տալիս, հիմա էլ զինգրքույկ չեն տալիս, ասում են՝ ձեր անունները չկան. Պատերազմի մասնակիցների բողոքի ակցիան ՊՆ-ի մոտ

Մարզերից եկած զինառայողները, որոնք մասնակցել են պատերազմին, բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց. նրանք պահանջում են իրենց զինգրքույկները, որոնց մեջ գրված կլինի, որ մասնակցել են պատերազմին:

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ ով ներկայացավ Հովհաննես, պատմեց հետեւյալը. «Եկել ենք Կոտայքի մարզի Չարենցավան համայնքից, զինգրքույկների հարցով, որպեսզի մեր անունը գրանցվի որպես պատերազմի մասնակից: Հոկտեմբերի 2-ին ջոկով զորակոչվել ենք բանակ, մեզ ուղարկել են Արցախ՝ Հայկազովի զորամաս:Հայկազովի զորամասը պայթեցրած էր, ճշտեցին, ասեցին մեզ տանեն Խոջալու: Այնտեղ մեզ ասացին՝ ով է ձեզ ուղարկել այստեղ, մեզ զորք պետք չի: Խոջալուից ուղարկեցին Ասկերան, հետո նորից Հայկազով: Հետո նորից հետ ուղարկեցին Խոջալու, մի քանի ժամ այնտեղ մնացինք, ստանալով համազգեստ, ուղարկեցին Բալուջա: Այնտեղ անմարդկային պայմաններ էր, քնել ենք հատակին: 2 օր այդտեղ մնալուց հետո մեզ տեղափոխեցին Աստղաձորի դպրոց, քանի որ Բալուջայում ռմբակոծություններ էին, զորամասը տարհանում էին: Մի գիշեր մնացինք Աստղաձորի դպրոցում, առավոտյան մեզ տարան Մարտունի-3, 3-րդ գիծ:

14-15 հոգանոց բլինդաժում ասեցին՝ քնեք 40 հոգով: Մեր ջոկը ցրվեց: Մի քանի օր երկրորդ գծում մնալուց հետո ասացին, որ առաջնագիծ ջոկ պետք է գնա դիրք պահելու:

Մեր ջոկը այդտեղ կազմավորվեց, եղել ենք Մարտունի 3-ի 142 դիրքում: 20 օր պոստում մնալուց հետո եկան մեզ փոխեցին, որ գնանք հանգստանանք երկրորդ գծում, որտեղ ավելի շատ վտանգ կա, ռմբակոծում են: Դիմեցինք գումարտակի հրամանատարին, որ մեզ 7 օրով արձակուրդ տա, հանգստանանք, վերադառնանք: Այնպիսի անմարդկային վերաբերմունք ցույց տվեց, ասաց՝ գնացեք, ձեզնից լավերը կգան, դուք արժանի չեք այստեղ:

Մենք մնացինք էլի մի քանի օր, նորից տեղափոխեցին առաջին գիծ: Հակառակորդից հեռավորությունը եղել է 25 մետր: Կռվով-դավով բերել են մեզ գնդացիր եւ նռնականետ: Մինչեւ նոյեմբերի 10-ը մնացել ենք առաջին դիրքում:

Զինադադարից հետո ամսի 12-ին զանգեցինք կոմբատին, ասացինք՝ ուզում ենք գնալ: Ասաց՝ սպասեք, տղերք ջան, ձեզ էստեղ ոչ ոք չի պահում, երբ ուզեք, կարող եք գնալ»:

Հովհաննեսի խոսքով, նոյեմբերի 12-ին երեք հոգով զենքերը օրենքով հանձնել են ու վերադարձել. «Նոյեմբերի 18-ին մնացած կազմն է եկել: Նոյեմբերի 13-ին ներկայացել ենք զինկոմիսարիատ, ասել են՝ սպասեք, զինգրքույկ չունենք: Մինչեւ այսօր չեն տվել: Դիմել ենք նախարարություն, այլ կառույցներ, ասել են՝ սպասեք: Զանգում ենք Մարտունի-3, ասում են՝ ձեր անունն այստեղ չկա: Բալուջայում չկա, Խոջալուում չկա: Հիմա մեր հարցն այն է, թե ինչու մեր անունը չկա, որտեղ են մեր զինգրքույկները»:

Դրանից քիչ անց ակցիայի մասնակիցներից Վահրամ Խաչատրյանն ասաց, որ ՊՆ-ից պատասխանել են, որ եթե իրենց տեղի զինկոմիսարիատը չի կարողանում պատասխանել հարցերին, պետք է դիմել կենտրոնական զինկոմիսարիատ: Զինծառայողները ուղեւորվեցին այնտեղ:

Please enter a valid URL