Ինչպես արդեն հայտնել ենք ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ բողոք են ներկայացրել դատարան:
Այս պահին ընթանում է դատական առաջին նիստը:
Նիստի ժամանակ Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նկարագրված մի քանի փաստ վկայակոչելով, ցանկացավ ցույց տալ, որ Մովսես Հակոբյանի մասով հարուցված քրեական գործը չէր կարող այս ծավալի մեջ ներառել. «Մենք սկսել ենք 2019 թվականի օգոստոսի 5-ից, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է ու վերջ»: 2020 թվականի ապրիլի 9-ին Դավիթ Տոնոյանն արեց «նոր տարածքներ նոր պատերազմի դիմաց» հայտարարությունը: 2020 թվականի հուլիսի 9-ին, սա որպես փաստ ենք նշել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ավարտել է Արցախի ՊԲ-ում իր ծառայությունն ու վերադարձել է տուն: Անմիջապես մի քանի օր անց՝ հուլիսի 12-ին, ՀՀ ԶՈւ-ի ու Ադրբեջանի ԶՈւ-ի միջև հայ-ադրբեջանական ուժերի Տավուշ-Թովուզ հատվածում տեղի ունեցավ ռազմական բախում: Այսինքն՝ Փաշինյանի որդու վերադարձից մի քանի օր հետո: Օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ Տավուշյան մարտերի հերոսների պարգևատրում: 2020 սեպտեմբերի 24-ին «Հաքքին.ազ»-ով բավականի հետաքրքիր տեղեկություն հայտնվեց «Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի էմիսարների միջև գաղտնի բանակցությունների» մասին: Այդտեղ մտահոգիչ տեղեկություններ կային»:
Զոհրաբյանը մի քանի այլ փաստ ևս հրապարակեց, օրինակ այն, որ Փաշինյանը որոշակի տեղեկատվություն է հրապարակել Հայաստանի պարենային պաշարների մասին:
Դատական նիստը շարունակվում է:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը)՝ նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: