Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը պատերազմի հետևանքով զրկվել է մշտական էլեկտրաէներգիայից։ Ադրբեջանական կողմին անցած գյուղի գլխավոր ճանապարհով էին անցնում մալուխները, ինչի պատճառով գյուղն առայժմ միայն մի քանի ժամով է հոսանք ունենում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանն ասաց, որ ամբողջ գյուղի համար մի մեծ «դվիժոկ» է հատկացվել, որը ժամանակավոր լույսով է ապահովում․ «Երեկոյան 4-5 ժամ միացնում ենք, այնքան որ լույս ունենանք։ Մշտական լույս չկա»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ հիմա նոր ճանապարհ է կառուցվում անտառով եւ հույս ունի, որ հոսանքի հարցը կկարգավորվի։
«Ադրբեջանցիների վերահսկողությանն անցած գլխավոր ճանապարհին փոխարինում է անտառի ճանապարհը, որի բարեկարգման աշխատանքները 60 տոկոսով իրականացված են։ Արդեն քանդել են, մեծացրել և եթե եղանակային պայմանները լավ լինեն, 10 օրից աշխատանքները կավարտվեն, նոր ճանապարհը պատրաստ կլինի և այդ ժամանակ լույսի նոր գիծ կքաշենք ու արդեն մշտական լույս կունենանք»,- ասաց նա։
Նախքան պատերազմն էլ՝ Փառուխում ջրի խնդիր եղել է։ Գյուղում խմելու ջուր ունեն, որն այս պահին բավականացնում է, քանի որ միայն 7-8 մարդ է բնակվում, սակայն գյուղապետի խոսքով, երբ բոլոր բնակիչները գյուղ վերադառնան, արդեն չի բավականացնի․ «Մինչև պատերազմը սկսել էին ջրի խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքները, բայց պատերազմը սկսվեց, և ամեն ինչ կիսատ մնաց»,-ասաց գյուղապետը՝ հավաստիացնելով, որ այդ հարցը ևս բարձրաձայնել է։
Փառուխի 82 բնակչից այսօր գյուղում ապրում է միայն 8-ը, մյուսները ժամանակ առ ժամանակ նույնպես գալիս են գյուղ։ Վարդան Միքայելյանի խոսքով, երբ լույսի, ճանապարհի խնդիրն ամբողջությամբ լուծվի, դպրոցն էլ սկսի աշխատել, մարդիկ արդեն կվերադառնան իրենց բնակավայրեր․ «Գյուղի բնակիչները հիմա տարբեր տեղերում են ապրում։ Չորս ընտանիք Հայաստանում է, նրանք Հայաստանից եկած վերաբնակիչներ են, մնացածն էլ Արցախի տարբեր գյուղերում ու քաղաքներում են։ Գյուղի դպրոցը 10 աշակերտ ունի, երեխաներից երեքը Արցախի տարբեր գյուղերում դպրոց են գնում, մյուսները Հայաստանում են։ Մարդիկ ասում են՝ եթե լույսը լինի, դպրոցը սկսի աշխատել, երեխաներին վերցնելու են ու գյուղ գան»,-ասաց Վարդան Միքայելյանը։
Գյուղապետը նաև նշեց, որ երբ բնակիչները գյուղ վերադառնան, կշարունակեն անասնապահությամբ զբաղվել, քանի որ արոտավայրերը գյուղի վերևի հատվածում են և բարեբախտաբար թշնամու սահմանը չեն անցնում․ «Մոտավորապես 150 հա վարելահող է մնացել իրենց մոտ։ Այդ հողերը հենց գլխավոր ճանապարհի ներքևն էին ընկնում։ Քանի որ ճանապարհը փակել են, հողերն էլ են իրենց կողմում մնացել»,-ասաց Փառուխի գյուղապետը։
Անվտանգության առումով այս ընթացքում խնդիրներ չեն առաջացել։ Ադրբեջանցիների կողմից գյուղ մտնելու փորձ չի եղել․ «Գյուղի ներքևում պոստեր ունենք, մեր տղաներն էլ են կանգնած, ապահով է»,-ասաց Վարդան Միքայելյանը՝ հույս հայտնելով, որ Փառուխում կյանքը կշարունակվի։