Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 8-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը՝ ժամը 16։30-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 18-ամյա Դավիթ Հ․-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Նորաշեն թաղամասում գործող թիվ 185 դպրոցի բակում՝ վայր ընկնելու հետևանքով։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները Նորաշեն թաղամասից Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 18-ամյա Հարություն Հ․-ին։ Վերջինս կասկածվում է նշված դպրոցի մոտ Դավիթ Հ․-ի հետ վիճաբանելու և նրան դանակով հարվածելու մեջ։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարություն Հ․-ն բաց է թողնվել։ Ոստիկաններն ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի 12-րդ դասարանում, իսկ կասկածյալը՝ «ՀայԲուսակ» քոլեջի 2-րդ կուրսում։