Search
Close this search box.

Պետական դավաճանության համար՝ ցմահ ազատազրկում. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը: Նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը:

«Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը և կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև մի շարք այլ դեպքերը, այսինքն՝ պետական դավաճանության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- նշել էր Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Նա հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, և, բնականաբար, ամենածանր հանցանքը պետք է ունենա ամենածանր պատիժը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց 109 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Please enter a valid URL