Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մայրիկը՝ Սեդա Արոնովան, արձագանքել է որդու հասցեին նախորդ շաբաթ ԶԼՄ-ում հրապարակված տեղեկություններին: Նշվում էր, որ Արոնյանը հեռանալու է Հայաստանից ու ներկայացնելու է ԱՄՆ-ն:
Սեդա Արոնովան Facebook-ի իր էջում այսպիսի մանրամասն գրառում է կատարել:
«Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լեւոն Արոնյանի դեմ համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու:
Եթե Լեւոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի ավագ, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված: Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով ու այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը: Ւ դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից:
Իսկ այ Լեւոնի նվիրաբերած գումարների եւ բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց:
Նշեմ միայն, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է Հիմնադրամին:
Լեւոնն ի նպաստ Հայաստանի ու Արցախի բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում, նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել Համահայկական հիմնադրամին:
Նշում եմ ընդամենը մեկ երկիր, վերլուծությունը թողնում եմ ձեզ՝ միայն Բուլղարիայից ազգությամբ ոչ հայ ընկերների կողմից փոխանցվել է ավելի քան 30 000 եվրո:
Լսե՞լ էիք, իհարկե ոչ, քանի որ նպատակը երբեք գովազդը չի եղել: Նշեմ նաեւ, որ Լեւոնի եւ Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել ու գործում էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ:
Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան:
Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին եւ այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լեւոն Արոնյանի բնակարանը:
Այս պահին Լեւոնը գտնվում է Հայաստանում ու հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում :