Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ ռազմագերիների հարցն այն առաջնահերթ խնդիրներից մեկն է, որոնք լուծվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում։
Գերիների ու անհետ կորածների ճակատագիրը, կամ ինչի համար է հայ զինվորի հայրը դռներ կոտրում
«Ես չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային հարցերից մեկն է, որով զբաղվում են անձամբ մեր նախագահը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը»,– նշեց Կոպիրկինը:
Նրա խոսքով` հարցը ցանկալի արագությամբ չի լուծվում, բայց այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր են գործադրվում։ Կոպիրկինը վստահեցրեց` խնդիրն ի վերջո լուծվելու է։
Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է, որ 57 գերի կա իր տարածքում, մինչդեռ հայկական կողմը հայտարարում է ավելի քան 120 գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց մասին:
Պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել մոտ 60 մարդ, այդ թվում ՝ քաղաքացիական անձինք։