Search
Close this search box.

Անհետ կորած զինվորների ծնողները հանդիպեցին Պաշտպանության նախարարին․ ինչ է ասել նախարարը

Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր մտել էին Պաշտպանության նախարարություն, դուրս եկան:

Լրագրողների հետ զրույցում հանդիպման մասնակցած քաղաքացիներից մեկն ասաց, որ հանդիպել են նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպում չի եղել:

Քաղաքացին ասաց, որ տվել են բոլոր հարցերը, հայտնել իրենց դժգոհությունները, որ 5 ծնողի ընդունելով հարց չի լուծվում. «Ես ներսից զանգեցի ու ասացի, որ ցուցակագրվեն: Մինչև հինգշաբթի կամ ուրբաթ խոստացել են, որ նորից կհանդիպենք»:

Նա ասաց, որ նախարարի հետ խոսել են այն գործողությունների մասին, որոնք կատարվում են, որպեսզի հարց լուծվի. «Նախարարն ասաց, որ տարբեր պետությունների դեսպանների հետ հանդիպումներ է ունենում գերիների հարցով: Իսկ ինչ վերաբերում է անհետ կորածներին, ասաց, որ գործողություններ են անում, որ տեսնեն, թե ինչպես են դրա լուծումը տալիս: Եթե կարճ ասելու լինեմ, պետք է ասեմ դրական եսիմ ինչ լուծման խնդիր այստեղ չեղավ: Մի հատ դրական պատասխան, լուրջ ու անհապաղ չստացանք: Մենք նախարարին ասացինք, որ մենք լիարժեք պատասխան չստացանք այս հանդիպումից, ուզում ենք, որ ամբողջ գործողությունները տեսնենք, ոչ թե լսենք, որ Ադրբեջանը չի տալիս, պահանջներ է ներկայացնում: Մենք էլ ենք ազգ, ունենք մեր հստակ խոսքը, կարող ենք մենք էլ մերն ասել: Պետք է մեր իշխանություններն էլ իրենց խոսքն ասեն»:

Քաղաքացին ասաց, որ մյուս անգամվա համար միայն խոստացել են, որ ընդունելու են, որևէ լուծման մասին խոստում չի եղել:

Նախարարը ներսում թվային տվյալներ չի ներկայացրել, թե քանի անհետ կորած, գերի ունենք:

Please enter a valid URL