Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կրակոցներ են հնչել

Փետրվարի 2-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները փողոցի թիվ 41 տան մոտ հայտնաբերեցին 5,45 մմ տրամաչափի 17 փամփուշտ. կրակոցներն արձակվել էին ինքնաձիգից։ Վնասվել էր հարևանությամբ անցնող գազատարը։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։

Էրեբունու քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Արդեն լուսադեմին նրանց հայտնի էր կրակոցներն արձակած անձի ինքնությունը։ Սարի թաղում բնակվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումներին միացան ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մարտունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները։

Համատեղ միջոցառումների արդյունքում դեպքի հաջորդ օրը կասկածվողը հայտնաբերվեց Մարտունի քաղաքում և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ «ՎԱԶ-2113» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ դարձյալ գործարանային համարով։ Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։

3STOPPED
Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, նույն օրը ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկեցին նրա բնակության վայրն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին սվին-դանակներ, դաշույն, ինքնաձիգի պահեստատուփ, նռնակ՝ պայթուցիչով, մեկնարկային ատրճանակ՝ երկու փամփուշտով, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է:

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ կրակոցների շարժառիթը և ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL