«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքը հայտնի է օնկոհիվանդությունների արդյունավետ բուժմամբ: Բաժանմունքը ղեկավարում է հայտնի օնկովիրաբույժ Արթուր Մուշեղի Սահակյանը, որը ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, կերակրափողի և որովայնի այլ օրգանների քաղցկեղի ծանր դեպքերի բուժման հարուստ դրական փորձ ունի։ Նա հավաքել է բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող թիմ, որի անդամներից յուրաքանչյուրն իր մեծ ներդրումն ունի միջամտությունների արդյունավետության մեջ։ Վերջին մի քանի տարում այս բաժանմունքում մեծ հաջողությամբ կիրառվում են ինտերվենցիոն ռադիոլոգիայի մեթոդները:
Բաժանմունքի ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը պատմում է այս նոր ուղղության ընձեռած առավելությունների մասին Առողջապահական համակարգ պարբերականի հետ զրույցում. «Ինտերվենցիոն ռադիոլոգիան բուժման և ախտորոշման պակաս ինվազիվ մեթոդ է, որը տալիս է բավական բարձր արդյունքներ: Այն ի սկզբանե սկսել է կիրառվել հիմնականում ռենտգեն կամ ուլտրաձայնային հսկողությամբ սրտի անոթների ստենտավորումներ կատարելու համար: Բայց շատ արագ ընդլայնել է իր կիրառության դաշտն ու այսօր կարևոր դեր ունի քաղցկեղի բուժման մեջ, նաև թույլ է տալիս ախտորոշել ու բուժել տարբեր հիվանդություններ՝ բիոպսիաների, դրենավորումների և ստենտավորումների միջոցով»: Օնկովիրաբույժ Արթուր Սահակյանը մեծապես կարևորում է ինտերվենցիոն ռադիոլոգիայի հնարավորությունների կիրառումը ավելի արդյունավետ միջամտություններ կատարելու։ Հատկապես այն դեպքերում, երբ քաղցկեղով հիվանդի օրգանիզմը չափազանց հյուծված է կամ անհնար է կատարել ընդհանուր անզգայացում և ռադիկալ վիրահատություն, օգնության է հասնում ինտերվենցիոն ռադիոլոգ Մամիկոն Ավետյանը: Նա քիչ ինվազիվ մեթոդներով կարողանում է հանել հիվանդին ծանր վիճակից, բարելավել նրա նյութափոխանակությունը և ֆունկցիոնալ ցուցանիշները, վերականգնել ուժերը և հետո միայն ձեռնարկել վիրահատությունը: Այս մեթոդը հատկապես անփոխարինել է մեխանիկական դեղնուկի բուժման մեջ: Մեխանիկական դեղնուկը կյանքին սպառնացող հիվանդություն է, որը կարող է առաջացնել լյարդի խորը անբավարարություն: Նման բարդությունից խուսափելու և հիվանդին ծանր վիճակից հանելու համար բժիշկը տեղային անզգայացմամբ ուլտրաձայնային հսկողությամբ կատարում է լյարդի լեղուղիների դրենավորում: Միջամտության ժամանակ տեղային անզգայացմամբ ռենտգեն կամ ուլտրաձայնային հսկողությամբ կատարվում է ներլյարդային լեղածորանի պունկցիա: Այնուհետև կոնտրաստ նյութով վիզուալացվում են լեղուղիները և իրականացվում է լեղուղիների միջմաշկային,միջլյարդային դրենավորվում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև լյարդի լեղուղիների ստենտավորում:
Քաղցկեղի բուժումը ճիշտ պլանավորելու համար օնկովիրաբույժը կարիք ունի մաքսիմալ ճշգրիտ ախտորոշման, որը նրան կարող է տրամադրել հիստոլոգիական հետազոտությունը։ Հիստոլոգիական հետազոտական նյութ ստանալու համար կատարվում է բիոպսիա։ Բժիշկ Մ. Ավետյանի մյուս կարևոր ֆունկցիան բաժանմունքում բիոպսիաներն են: Նա կատարում է տարբեր տեղակայության գոյացությունների, այդ թվում ենթաստամոքսային գեղձի, փափուկ հյուսվածքների և խորանիստ տեղակայման, դժվարամատչելի ուռուցքների բիոպսիաներ: «Բիոպսիա կատարվում է մինչև վիրահատությունը օրգանիզմում հայտնաբերված գոյացությունների՝ չարորակ կամ բարորակ լինելը պարզելու, նաև չարորակ ուռուցքների տեսակը որոշելու համար: Նման ճշգրիտ ախտորոշում տալով մենք օգնում ենք վիրաբույժին ավելի ճշգրի պլանավորել բուժումը, քաղցկեղի տեսակով պայմանավորված ընտրել վիրահատական, ճառագայթային, քիմիոթերապևտիկ բուժման մեթոդներից մեկը»:
Անգամ բարորակ գոյացությունների՝ կիստաների դեպքում է այս բաժանմունքում կիրառվում ինտերվենցիոն ռադիոլոգիական բուժում. « Նախկինում կիստաների բուժումը կատարվում էր վիրահատական միջամտությամբ, որը ենթադրում էր հետվիրահատական բարդություններ և վերականգնման ավելի երկար ընթացք: Ներկայում կիստաների բուժումը առաջատար կլինիկաներում իրականացվում է պակաս ինվազիվ միջամտությամբ ամբուլատոր պայմաններում դրենավորմամբ: Ուլտրաձայնային հսկողությամբ տեղադրումենք դրենաժը դուրս մղում կիստայում առկա հեղուկը, հետո ներարկում էթանոլ, որը կրճատում ու փոքրացնում է այն՝ դարձնելով անվնաս ու գրեթե աննշմարելի գոյացություն»: Նույն կերպ են բուժվում նաև թարախակույտերը՝ աբցեսները և էխինակոկային բշտերը:
Ինտերվենցիոն ռադիոլոգի օգնության կարիքը զգացվում է նաև բաժանմունք սուր պանկրեատիտով հիվանդ ընդունելու ժամանակ: Սուր պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բավական հաճախ հանդիպող հիվանդություն է, երբ բորբոքված ենթաստամոքսային գեղձում գտնվող թթվահյութի ճնշման տակ ծորանները պատռվում են ու թթվահյութը արտահոսում է, սկսում քայքայել ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով պանկրեոն նեկրոզ: Նման դեպքում բաց վիրահատությունը կարող է կրկնակի տրավմա լինել արդեն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի համար, և ուլտրաձայնային հսկողությամբ ու տեղային անզգայացմամբ կատարվող դրենավորումը ուղղակի փրկություն է նրա համար: Դրենաժներով գեղձահյութի հեռացումը նեկրոզը կանխող առաջին շտապ օգնությունն է, որը զգալիորեն թեթևացնում է հիվանդի վիճակը, հանում նրան ճգնաժամային վիճակից:
«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժանմունքը բգդ, պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ աշխատող պրոֆեսիոնալ թիմով ձգտում է անել առավելագույնը իրեն դիմած յուրաքանչյուր պացիենտի համար անհրաժեշտ բուժում և ապաքինում ապահովելու համար: