Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայ պաշտոնյաների և 300 հայերի նկատմամբ, իսկ մենք 1 անդրբեջանցու նկատմամբ. պատգամավորը՝ Բադասյանին

Ազգային ժողովում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց միջազգային հետախուզման վերաբերյալ։

«Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մեր մի քանի հարյուր հայրենակիցների նկատմամբ։ Ցուցակում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը, Արման Բաբաջանյանը, ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը։ Փոխարենը, մեր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի մի մարզական մեկնաբանի նկատմամբ։ Չե՞ք կարծում արդյոք, որ պետք է վերականգնվի հավասարակշռությունը», — հարցրել է պատգամավորը։

Նախարարն իր պատասխանում ասաց, որ հետախուզում հայտարարելը ինքնանպատակ չի կարող լինել։

«Մենք բազմիցս քննարկել ենք, թե ինչ մարտավարություն պետք է ունենա Հայաստանը։ Հետախուզման գործիքն օգտագործելը պետք է նպաստի մեր նպատակների իրականացմանը, ոչ թե ինքնանպատակ լինի», — ասել է Բադասյանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը 2020-ի հոկտեմբերին ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման։ Նոյեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Նուրլան Իբրահիմովի հանդեպ հետախուզում է հայտարարվել։

Նա ներգրավվել է որպես մեղադրյալ ազգային և ռասայական թշնամանք հարուցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդված), ուղղակի և հրապարակային ցեղասպանություն հրահրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 393.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործություններն արդարացնելու և դրանց հավանություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 373.1-րդ հոդված) հատկանիշներով։

Please enter a valid URL