Search
Close this search box.

Նախկին իմքայլական պատգամավորը ՊԵԿ-ում բարձ պաշտոն է ստացել. նա դիմել էր նաև Աննա Հակոբյանի եղբորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանը Պետական եկամուտների կոմիտեում բավականին բարձր պաշտոնի է նշանակվել: Նա ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետն է:

Այս վարչությունը ստեղծվել էր 2014 թվականին և հանդիսանում է կառույցի՝ վերահսկողություն իրականացնող մարմինը, և շատ հարցեր իր միջոցով են կարգավորվում: Նկատենք՝ Երջանիկ Հակոբյանը մինչ պատգամավոր դառնալը՝ 2018թ. հունիս-նոյեմբեր ամիսներին, եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետև՝ վարչության պետ:

Եվ, ահա, պատգամավորական գործունեության ընթացքում Երջանիկ Հակոբյանը թերևս հասկացել է, որ ՊԵԿ-ում աշխատանքն իրեն ավելի հարմար և եկամտաբեր է, և որոշել է ամեն ինչ անել այնտեղ վերադառնալու համար: Տեղեկացանք, որ նա այս ընթացքում փորձել է միջնորդներ գտնել, որ իրեն հետ վերադարձնեն այդ պաշտոնին, սակայն չի հաջողվել:

Հակոբյանն այդ հարցով դիմել է պատգամավոր Հակոբ Սիմիդյանին, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբորը, բայց չի հաջողել։ Ի վերջո, նրան հաջողվել է միջնորդ գտնել, և այդ հարցում Հակոբյանին օգնել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Հավելենք, որ Երջանիկ Հակոբյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 1 ընտրատարածքից (Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն) և քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե քաղաքացիները պետք է իրեն ընտրեն, որ լինեն երջանիկ: Սակայն նա, կարծես թե, այդպես էլ երջանկություն բերելու հարցում չհաջողեց: Տեսնենք՝ ՊԵԿ-ում կհաջողի արդյոք երջանկացնել պետական ապարատի ներկայացուցիչներին։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL