Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը չի համաձայնել հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է համայնքապետը՝հավելելով, որ Սյունիքի խնդիրների վերաբերյալ պետք է հանդիպում լիներ, բայց ինքն ակնկալիքներ չունի։
Գևորգ Փարսյանը նշել է, որ փոխվարչապետի այցը, հանդիպման նպատակը, համայնքապետերին չհանդիպելը կարող է հետագայում շահարկվել, բայց փաստել է, որ Սյունիքի խնդիրների մասին բազմիցս են բարձրաձայնել՝ անգամ գրավոր։
«Եթե վաղը չէ մյուս օրը հանկարծ կառավարության ներկայացուցիչները փորձեն շահարկել այն հանգամանքը, որ աշխատանքային խումբը եկավ Սյունիք, համայնքի ղեկավարները չհանդիպեցին, խնդիրները չբարձրաձայնեցին, ասացին, որ խնդրին անտեղյակ են, իմացեք, որ դա իրականությանը չի համապատասխանելու, քանի որ գրավոր արդեն իսկ ներկայացրել ենք մեր խնդիրները։ Նրանք դրանց մասին ընդհանուր պատկերացումներ ունեն»,– ասել է նա։
Փարսյանը հավելել է՝ Կապանին վերաբերվող խնդիրները շատ են, դրանցից մի քանիսի մասին անգամ քաղաքացիներն էլ չգիտեն և կարող են նաև չիմանալ։ Խնդիրներից մեկն էլ ճանապարհների անվտանգության հարցն է։ Ճանապարհահատվածի մի շարք կետեր մնացել են առանց հսկողության։
«Ընդհանուր սահմանի երկայնքով բազմաթիվ բաց տեղեր ունենք, որտեղ ադրբեջանցիների ելքն ու մուտքը հնարավոր է։ Իսկ կոնկրետ մեր սահմանապահների անցակետերով չեմ կարծում, որ կարող են ադրբեջանցիներ անցնել, բայց կան այլ ճանապարհներ, որ կարող են օգտագործել։ Օրինակ՝ Տաթևի ճանապարհը։ Այդտեղ իրավապահներից ոչ ոք չկա, որ հսկողություն իրականացնի, բայց սահմանագծի վրա էլ բազմաթիվ խնդիր ունեցող հատվածներ ունենք»,- ասել է համայնքի ղեկավարը։
Անդրադառնալով կառավարության պաշտոնական պատասխանին, թե սահմանազատումներն անվտանգային են, և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն, Փարսյանը նշել է, որ ինքն էլ հույս ունի, որ դրանք վերջնական չեն, բայց հույսը հաջորդ իշխանությունների վրա է։