Հունվարի 24-ի գիշերը՝ ժամը 2։20-ի սահմաններում, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում ստացվեց, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում տղամարդ կա ընկած՝ գլխին արյան հետքեր։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Անգիտակից տղամարդը տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 56-ամյա մի կնոջ միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որի ընթացքում կինը երկաթե ձողով հարվածներ է հասցրել տղամարդու գլխին։ Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև արնանման հետքերով երկաթե ձողը, որն ուղարկվել է փորձաքննության։ Հունվարի 25-ին բուժհաստատությունից հաղորդում ստացվեց, որ տղամարդը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված կինը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: