2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ հրադադարից հետո պետք է տեղի ունանար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն դեռ չնչին քայլեր են կատարվել այս հարցերում, մասնավորպես հայկական կողմի համար։
Ադրբեջանում են շարունակում մնալ գերու, պատանդի կարգավիճակով մեծ թվով հայեր, որոնց թիվը մոտ 200-ն է կամ նույնիսկ ավելին։
2021-ի հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ բանտարկյալների (Ադրբեջանում հայ ռազմագերիներ, այլ պահվող անձինք) վերադարձի ձգձգման հարցը, որն համար Հայաստանի պատվիրակությունն առաջարկ էր արել։
Ընդունելով իր վերջնական օրակարգը 2021 ձմեռային լիագումար նստաշրջանի բացմանը` Վեհաժողովը որոշեց անցկացնել այս թեմաներով քննարկումները՝ «Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը և կալանավորումը 2021 թվականի հունվարին» (չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին) և «Խոսքի ազատությունը (ՄԻԵԿ-ի Հոդված 10) «Մեծ տեխնոլոգիական» ընկերությունների սպառնալիքի տակ» (հինգշաբթի առավոտյան):
Բնականաբար, եթե օրակարգում ընդգրկվեր մեր գերիների հարցը, դա կարող էր մեծ դեր խաղալ նրանց վերադարձի խնդրում։ Հայաստանում գործող վարչախումբը փաստացի կրկին ցույց տվեց իր սնանկությունը արտաքին քաղաքականության մեջ՝ այս կարևոր հարցը չկարողանալով դարձնել օրակարգային։
«Հրապարակը» ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ նախկին պատգամավոր (2015-2018), ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահի տեղակալ, «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբի նախկին անդամ Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ էր պայմանավորված այս անհաջողությունը, և որքանո՞վ էր վատ աշխատել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։
«Այս ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ գործուն քայլ չի ձեռնարկել։ Բավարար է հիշատակել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարությունը՝ կապիտուլյացիայի համաձայնագիրը։ Այնտեղ կետերից մեկով կարգավորվում է նաև այդ հարցը։ Ինչից հետևում է, որ նախևառաջ եռակողմ հայտարարությունը կարող էր իրավական հիմք լինել խնդիրը լուծելու համար։ Բայց, ինչպես պարզվեց, ռուսական կողմը հայտարարեց, որ հայկական կողմը նույնիսկ մեր ռազմագերիների ամբողջական ցուցակը չի կարողացել կազմել ու փոխանցել։ Այնքան ամուլ են ու տգետ, որ չեն կարողանում եռակողմ հայտարարության ուժով հետ ստանալ մեր ռազմագերիներին, այն էլ՝ 21-րդ դարում։ Հասկանո՞ւմ եք, սա միջնադարը չէ։ 21-րդ դարում քո պետության քաղաքացիներն ունեն ռազմագերու, պատանդի կարգավիճակ։
Այս համատեքստում, իհարկե, ոչ միայն ԵԽԽՎ-ն, այլ Եվրոպայի խորհուրդն իր կառույցներով, այդ թվում՝ նաև Խոշանգումների դեմ պայքարի կոմիտեն, կարող էին լինել զուգահեռ, այլընտրանքային, հավելյալ մեխանիզմ այդ խնդիրը լուծելու համար։ Կոմիտեն այն բացառիկ մարմինն է, որին անդամակցում են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ Օրինակ, կարելի էր կազմակերպել Կոմիտեի այցելություն Ադրբեջանում ազատազրկման այն վայրերը, որտեղ պահվում են մեր ռազմագերիները՝ ստուգելու համար նրանց անվտանգությունը, նրանց հանդեպ մարդկային վերաբերմունքը և այլն։ Բայց Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքական հարցերում այն կարգի է հայկական շահերն ու տրամաբանությունը ոտնատակ տալը գերազանցել, որ որևէ ողջամիտ սպասում ունենալն է արդեն դառնում անտրամաբանական»,- ասաց Ֆարմանյանը։
Նախկին պատգամավորի խոսքերով՝ ԵԽԽՎ-ում հրատապ խնդիրների քննարկման տարբեր ընթացակարգեր կան, բացի այն հարցերը, որոնք որ օրակարգում ընդգրկվում են։ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, դրա ընթացքում ու հաջորդած ժամանակահատվածում հայատյաց հռետորաբանությունը, կիրառված զենքերի անթույլատրելիությունը (կասետային ռումբ, ֆոսֆորային ռումբ), մարդու իրավունքների զանգվածային խախտումները, գլխատման դեպքերը (որոնք հիշեցնում էին «Իսլամական պետության» ահաբեկիչներին), որոնց տեսանյութերն ադրբեջանիցների կողմից լայնորեն տարածվում էին սոցիալական ցանցերում, այս ամեն ինչը հիմք էր բուն օրակարգում խնդրի քննարկում ունենալու համար»,- ընդգծեց նա։
ԵԽԽՎ նախկին պատգամավորը շեշտեց, որ պատվիրակություն ասելով՝ այս դեպքում պետք է հասկանալ նաև խորհրդարանն իր ամբողջ դիվանագիտությամբ, արտաքին գործերի նախարարությունը՝ Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչությամբ, և այլն․ «Այսինքն՝ մեր ողջ պետությունն իր ամբողջ կարողություններով։ Եթե նույնիսկ չէր կարողացել հարցը բերել, քննարկման առարկա դարձնել, ապա տրամաբանությունը հուշում է, որ գոնե հրատապ կամ ընթացիկ հարցերի քննարկման ռեժիմով կարող էր դա տեղի ունենալ։ Իհարկե, եթե այդ ցանկությունը լիներ, ու մասնագիտական կարողությունը հասնելու դրան։ Միջազգային կառույցների առաջնային մանդատը պետք է լինի գոնե մարդու իրավունքների երաշխավորումը, իսկ գերիների առկայությունը մարդու իրավունքների փիլիսոփայության հակոտնյան է։ Եվ մեր խորհրդարանական և ընդհանրապես պետական դիվանագիտությունը չի կարողանում օգտվել այդ հանգամանքից ու դա դարձնել ԵԽԽՎ-ում քննարկման առարկա։ Սա ուղղակի քաղաքակա իմպոտենտության, քաղաքական ամլության ու դավաճանական ձեռագիր է»։
Ըստ նրա՝Հայաստանը նաև ունի իր ներկայացուցչությունը ԵԽԽՎ ղեկավար մարմնում՝ բյուրոյում, որտեղ էլ նախագծվում, քննարկվում, հաստատվում է նստաշրջանների օրակարգը։
«Եթե դուք ունեք առաջնահերթություն, իսկ պատերազմի ընթացքում թույլ տրված մարդու իրավունքների զանգվածային խախտումները կանոնադրական առաջնահերթություններ են։ Եթե դու իբրև պետութուն ու պատվիրակություն չես կարողանում քո շահն առաջ մղել, ո՞ւմ ես կարող մեղադրել։ Մեղադրե՞ս դիմացինին, որ քո շահերը առաջ չի մղում, եթե դու ինքդ քո շահերին չես կարողանում տեր կանգնել։ Փաշինյանի իշխանության հիմնական դաշնակիցը մեր քաղաքացիների ոչ բավարար տեղեկացվածությունն է։ Ամեն քաղաքացի չգիտի ԵԽԽՎ-ի կամ այլ միջպետական կառույցի ընթացակարգերը, մանրամասներին չի տիրապետում, չէ՞։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ մտածում է, որ մարդկանց մեծ մասն այդ ամենից տեղյակ չէ, ցանկացած բան կարելի է մի ստով փաթեթավորել և անցնել առաջ։ Այնտեղ հայտարարությունների ժամ կա, 3 րոպեանոց ելույթներ են ունենում, այդ ելույթները սոցիալական ցանցերով տարածում են, լիքը մարդիկ սրտիկում են, «լայք» են դնում, ու մեր հայրենակիցների մոտ տպավորություն է ստեղծվում, որ տվյալ հարցը քննարկվեց կամ որևէ որոշում կայացվեց։ Խաբկանք է, պատրանք է»,- ընդգծեց նա։
Հարցին՝ կարո՞ղ էր այստեղ ԵԺԿ-ն որևէ բան անել, պատասխանեց, որ ԵԺԿ-ն էլ էր կարող, Լիբերալների և Դեմոկրատների ալյանսն էլ կարող էր, Սոցիալիստների ու Ռեֆորմիստների խմբակցությունն էլ կարող էր, բայց։ «Հասկանո՞ւմ եք, կա օդանավ, օդանավի ղեկին լինում է առաջին օդաչուն։ Ինչքան էլ ուղևորները, երկրորդ օդաչուն, երրորդը․ սպասարկող անձնակազմը մեծ ցանկություն, ունակություն ունենան օգնելու օդաչուին, եթե օդաչուն անխելք է, տգետ է կամ միտումնավոր այդ օդանավը տանում է կործանման, ո՛չ մի ուղևոր, ո՛չ մի ԵԺԿ չեն կարող օգնել։ Եթե քո պատվիրակությունը նման հարց չի դնում մարմնում, իսկ դնել նշանակում է ամիսներ առաջ սկսել բանակցություններ տարբեր խմբակցությունների հետ, տարբեր հանձնաժողովներում և այլն։ Այսինքն՝ դա էլ աշխատանք է, որ իր կատարման ձևն ունի: Մենք բոլոր մեր անհաջողությունների մեջ սովոր ենք մեղադրել ուրիշներին։ Այս աղետից հետո մենք պետք է հասկանանք, որ այդպես չի կարելի»,- եզրափակեց Սամվել Ֆարմանյանը։
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» (The European Friends of Armenia, EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության քաղաքականության և իրավաբանական հարցերով ավագ մասնագետ Ուիլյամ Լավենդերը, ով նախկինում արտաքին հարցերով խորհրդատու է աշխատել Միացյալ Թագավորության Համայնքների պալատում ու Եվրոպական խորհրդարանում, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վերոնշյալ թեմաներն առաջարկված էին ընդհանուր քննարկման համար, իսկ յուրաքանչյուր նստաշրջանի համար կարող է ընտրվել միայն 2-ը։
Հարցին՝ որո՞նք էին հայկական կողմի սխալները, որ հայ գերիների հարցն օրակարգ չմտավ, ի՞նչ պետք է մեր կողմն աներ, որ չի արել, պատասխանեց․
«Եվ դրանք նախապես ընտրվում են բյուրոյի կողմից: Վեհաժողովը կարող էր առարկել, բայց հստակ թվեր չկային: Չեմ կարծում, որ հայկական կողմն ամեն դեպքում կարող է պատասխանատվություն կրել դրա համար: Բյուրոյի որոշման առումով ինձ համար ամոթալի է այն, որ սոցիալական մեդիայում խոսքի ազատության հարցը վեր դասվեց հայ ռազմագերիներից»: