Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Մոսկվա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում է. առաջին աշխատանքային հանդիպումն է, որը պետք է նվիրված լինի ճանապարհների ապաշրջափակմանը, թե որտեղ, ոնց, ինչ պատասխանատվությամբ, ինչ համամասնությամբ եւ ինչ հեռանկարներով դա պետք է տեղի ունենա: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը:
Նրա խոսքով, շատ մեր հայրենակիցներ, ընդդիմադիր դաշտի գործընկերներն անհանգստություն ունեն, թե ինչու հայտնի հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի հարցը դեռեւս ամբողջությամբ չավարտած մենք անցնում ենք ճանապարհների ապաշրջափակմանը:
«Բանն այն է, որ այդ հանդիպումով ամբողջությամբ չի քննարկվելու այդ գործընթացն ամբողջությամբ: Դա երկարատեւ պրոցես է, հետեւաբար, գերիների վերադարձման ծանր գործընթացը, որը կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտին կհասցվի, եկեք չկապենք այս աշխատանքային խմբի գործունեության հետ:
Իհարկե, այս աշխատանքային խմբում կարելի է մեր հաջորդ քայլերը պայմանավորել, որպեսզի ռազմագերիների վերադարձը արագացվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբը. հայկական կողմից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Առաջին հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա օրերին: