«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վերջապես արձագանքեցին, բայց ավելի լավ կլիներ լռեին։
Պարզվում է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որին ադրբեջանցիները յուրովի անվանում են «Քյարամով», և հրամայել է, որ նա շտապ հերքի այն տեղեկատվությունը, թե ադրբեջանցիներին տրամադրվում են հայկական անձնագրեր։
Արգիշտի Քյարամյանն այս խայտառակ իրավիճակից այլ ելք է առաջարկել. Հրահանգել ՀՀ ԱԳՆ-ին հայտարարել, ուշադրություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակվել է 2020թ. Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր զայրացած էին Փաշինյանի դավաճանությունից, և ներխուժել էին Կառավարության շենք հատուկ նպատակով՝ հափշտակել Փաշինյանի անձնական իրերը:
Իսկ հիմա ավելի լուրջ։
— Նախ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում.
— Երկրորդ՝ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ.
— Երրորդ՝ Փաշինյանի և իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը և իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի մասին։
Հ.Գ. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել: Երեք ամիս ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի «կորստի» մասին, և հիմա հանկարծակի «հիշեցիք»: Ամոթ է, դավաճաններ։ Խելքի՛ եկեք»։
Հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: