ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունների:
«Տեղեկացնում ենք, որ մանկատան նախկին շրջանավարտ Ա․Ե․-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) հիման վրա 2020 թ․ սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքում ձեռք է բերել 92 քմ մակերեսով անշարժ գույք։
Ա․Ե․-ն՝ որպես մանկատան շրջանավարտ, 09.03.2020 թ․ ստացել էր բնակարանի գնման վկայագիր, որը կորցրելու պատճառով 18․08․2020 թ․ևս մեկ անգամ դիմել է նախարարություն և ստացել փաստաթղթի կրկնօրինակը։
Սահմանված ընթացակարգով՝ գույքի սեփականատիրոջ և գնորդի՝ մանկատան շրջանավարտի միջև կնքվել է բնակարանի առքուվաճառքի պայմանագիր, որը վավերացվել է նոտարի կողմից։
Մինչ բնակարանի գնման կազմակերպումը, քաղաքացուն բազմիցս առաջարկվել է բնակտարածք՝ նախարարության ենթակայության ներքո գտնվող սոցիալական բնակարաններում, ինչից վերջինս հրաժարվել է: Քաղաքացուն առաջարկվել է նաև աշխատանք, որից ևս հրաժարվել է՝ նախընտրելով ապրել դրսում։
Շնորհակալություն ենք հայտնում քաղաքացիներին ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար՝ միաժամանակ հայտնելով, որ քաղաքացու կյանքի որակի բարձրացման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքները շարունակվում են»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Ավելի վաղ սոցցանցում տարածվել էր մանկատան սանի լուսանկարը, որն աղմուկ էր բարձրացրել օգտատերերի շրջանում: