Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքից բանակ զորակոչված Արզուման Շմավոնյանը զոհվեց հոկտեմբերի 28-ին: Այսօր հերոսի ծնունդն է, հունվարի 21-ին նա կդառնար 20 տարեկան․․․
«Ինքն էր պատերազմում, բայց հենց ինքն էլ ուժ էր տալիս, չգիտեի, որ վերջին անգամ եմ խոսում հետը, վերջինը․․․»
Հենց հոկտեմբերի 28-ի վաղ առավոտյան էր մայրը՝ Հասմիկ Բարսեղյանը, նրա հետ խոսել: Մոր խոսքով՝ որդու ձայնը շատ հոգնած էր, ամբողջ ընթացքում մի քանի բառ է կրկնել ընդամենը․
«Անընդհատ ասում էր՝ մա՛մ, չնեղվես, քեզ պինդ պահի, պապային ու Ծերունին ասա, որ չեմ կարա զանգեմ, մենակ ձեզ պինդ պահեք, ես ձեզ եմ պաշտպանում։ Ինքն էր պատերազմում, բայց հենց ինքն էլ ուժ էր տալիս, չգիտեի, որ վերջին անգամ եմ խոսում հետը, վերջինը․․․»։
Տղան բանակի նկատմամբ հատուկ սեր է ունեցել դեռ մանկուց, նույնիսկ մանկական խաղալիքներն էին զինվորական․ ամենասիրածը՝ տանկն էր և, ոչ գիտակցաբար, մտքում պահածն իրականություն դարձավ: Նա զորակոչվեց Արցախի Մարտակերտի զորամաս և դարձել զորամասի լավագույն տանկիստներից մեկը
«Շատ լավ տրամադրվածությամբ գնաց բանակ։ Անընդհատ ինձ էր հանգստացնում, մա՛մ, երկու տարի ա էլի, կծառայեմ հետ կգամ։ Ինքը հենց սկզբից էլ Ղարաբաղում էր ուզում ծառայել, ասում էր՝ իսկական տղեն պետք ա Ղարաբաղում ծառայի, որ էդ ամեն ինչը տեսնի ու զգա։ Ոչ մի բանից չէր վախենում, էսքան ժամանակ ոչ մի բողոք չի ունեցել, անգամ էդ չարաբաստիկ պատերազմի ժամանակ բան չէր ասում մեզ, երբ հարցնում էինք, իր համար ամեն ինչ լավ էր»,- Forrights-ին պատմում է տիկին Հասմիկը՝ հայացքը որդու լուսանկարից չկտրելով:
Երբ պատերազմը սկսվեց, Արզումանն արդեն զինվորական ծառայության մեջ էր․․․
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տիկին Հասմիկն իր ամենօրյա աշխատանքին է եղել, երբ հարևաններից մեկը հայտնել է, որ Արցախում պատերազմ է սկսվել։․
«Ոտքերս թուլացան, միանգամից զանգեցի Արզումանիս, կողքից կրակոցներ էր լսվում, բայց ինքն ինձ հանգստացնում էր, թե՝ ամեն ինչ նորմալ ա, ես քեզ կզանգեմ։ Ինքն անընդհատ մեր վրա էր ջղայնանում, ասում՝ ինձ մի՛ կանչեք, մի՛ ասեք՝ արի, մարդը լավ անուն պետք ա թողնի, ես հո ազգի դավաճան չեմ տղերքին մենակ թողնեմ փախնեմ»,- արցունքն աչքերին վերհիշում է մայրը։
Հոկտեմբերի սկզբին Արզումանը վիրավորվում է: Հոսպիտալում պառկած լինելով ծնողին համոզում է, որ լավ է, իր հետ ոչինչ չի եղել։ Նրան տեսակցելու է մեկնում եղբայրը՝ Ծերունը, համոզելով օգտվել հրամանատարության կողմից տրամադրած «մայրական խնամք» արձակուրդից և իր հետ վերադառնալ տուն։ Որպես այլընտրանք՝ եղբայրն առաջարկում է իր փոխարեն շարունակել ծառայությունը, միայն թե Արզումանը գնա․ սակայն, ապարդյուն։
Հոսպիտալում յոթ օր զինծառայողին գրեթե ստիպելով են պահել, որ պատշաճ բուժում ստանա, սակայն ոտքի ծանր ցավով Արզումանը վերադարձել է առաջնագիծ, քանի որ իր գործին լավ տիրապետող տանկիստ էր անհրաժեշտ զորքին։
Արզումանը զոհվեց հոկտեմբերի 28-ի գիշերը, ընտանիքն այդ մասին տեղեկացրել են հաջորդ օրը, բայց ինչպես բոլոր մայրերը, կանխազգացել է որդու մահը:
«Էդ օրը շատ անհանգիստ ենք եղել ամբողջ ընտանիքով, գիշերը երկու անգամ վեր եմ թռել Արզիս ձենից։ Առավոտյան ամուսինս ավտոմեքենայով Ռուսաստան էր գնում, բայց ճանապարհին մեքենան փչացել էր ու ճանապարհը մնացել կիսատ։ Վայենկոմատից զանգել իրեն էին ասել լուրը, եկավ տուն, նայեց աչքերիս ու իր դեմքից ես ամեն ինչ հասկացա․․․Ինձ ոչ ոք չի ասել, որ որդիս զոհվել ա․․․»։
Կյանքը՝ Արզումանից հետո, կանգ է առել
Շմավոնյանին պատկանող մեծ տան մեջ մի սենյակ ամբողջությամբ Արզումանին է նվիրված։ Նրա մահճակալն ամբողջությամբ «ծածկված էր» մանկության, պատանեկության և բանակի լուսանկարներով։ Գլխամասում ՀՀ դրոշն էր կախված, ներքևում՝ Արզումանի մեծ նկարն էր, որի մի անկյունում մայրը որդու սիրելի քաղցրավենիքներն էր դրել․․․
Կյանքը Արզումանից հետո կանգ է առել Շմավոնյանների համար։ Որդու մահից հետո 40-ամյա տիկին Հասմիկի մազերը միանգամից են ճերմակել, երբեմնի աշխույժ և կենսախինդ կինն այժմ շատ է պարփակվում, նստում որդու նկարի մոտ և ժամերով զրուցում նրա հետ։ Թեև ևս մեկ որդի ունեն, սակայն Արզումանի տեղը բաց է և՛ տանը, և՛ ծնողների սրտում։
Եղբոր կորուստը ծանր է տանում նաև Ծերունը։ Չնայած երկու տարվա տարիքային տարբերությանը և հակառակ բնավորություններին, եղբայրները շատ կապված են եղել․ «Ինձ մենակ թողեց․․․»։
Հետմահու մեդալ․ «Անտեսել են մեր երեխեքին, հիմա ուզում են լավամա՞րդ դուրս գալ»
Օրեր առաջ ընտանիքին է այցելել Արզումանի հրամանատարը։ Մայրը չի ողջունել նրա այցը, ծնողների աչքին չի երևացել նաև Պաշտպանության նախարարության զանգն այն մասին, որ առաջիկայում հետմահու մեդալ են հանձնելու որդուն․
«Չեն կոնկրետացրել, թե ինչ մեդալի ա ներկայացվել, բայց ասեցին, որ բատալյոնի ամենալավ տանկիստներից մեկն ա եղել։ Պատերազմի ընթացքում մի քանի անգամ շրջափակման մեջ է եղել, կարողացել ա դուրս գալ և օգնել զորքին։ Անտեսել են մեր երեխեքին, հիմա ուզում են լավամա՞րդ դուրս գալ։ Էդ նույն հրամանատարությունն էր նստում հաց ուտում, զինվորին ուղարկում՝ թաց տեղը քնելու, էլ որն ասեմ․․․Ինձ ոչ հերոս էր պետք, ոչ՝ մեդալ, թող իմ տղեն հետ գար»։
Տիկին Հասմիկի համար ծանր է եղել նաև նոյեմբերի 9-ը, երբ եռակողմ համաձայնագիրը կնքվեց։ Նրա համար անընդունելի էր տարածքների հանձնումը, հուզվում է, վրդովվում՝ փաստորեն, թուրքի հո՞ղն էր պահել, իրա՞ համար ա կյանքը տվել․
«Չարը տարավ հավատիս․․․»։
Նյութի աղբյու՝ forrights.am