Շուշին պատմական հայկական քաղաք է ու դա պատմագիտական փաստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ում պնդմամբ Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերը խեղաթյուրվել են:
Ռուբինյանը նշել է, որ բանակցային ողջ գործընթացի մաս է կազմել փախստականների վերադարձը, իսկ պատերազմից առաջ Շուշիի բնակչությունը՝ 1987 թվականի դրությամբ, 90 տոկոսով եղել է ադրբեջանական. «Հետևաբար ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչության 90 տոկոսը լինելու էր ադրբեջանական:
Սա ասելով՝ Փաշինյանը հետադարձ հարց է հղել՝ եթե համաձայնվեր փախստականների վերադարձին, արդյո՞ք այդ պայմաններում Շուշին շարունակելու էր մնալ հայկական:
Հիմա այս ասածս հաշվի առնելով՝ այս խոսակցությունը Շուշիի հայկական լինել-չլինելո՞ւ մասին է, թե՝ փախստականների վերադարձի արդյունքում Շուշիի փաստացի վերահսկողության»:
Ամեն դեպքում Ռուբինյանը նշել է, որ մինչև 1920 թվականը Շուշիի բնակչության մեծ մասը հայեր են եղել ու այն հայաթափվել է այդ թվում էթնիկ զտումների, այդ թվում խորհրդային ադրբեջանի հակահայ քաղաքականության բերումով: