Search
Close this search box.

Կրկին աճյուններ են հայտնաբերվել

Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Հայտնի է քաղաքացիական անձանց ինքնությունը: Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ Մարինա Հայրապետյանի մարմինը: Հադրութի Ազոխ գյուղից՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները: Նրանք նույնպես տարեց անձինք են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն քաղաքացիական անձանց զոհվելու հանգամանքները պարզելու համար: Ջրականում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն, որը նախնական տվյալներով, կամավորական է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումները շարունակվում են՝ Ֆիզուլու, Բերձորից հարավ՝ Իշխանաձորի ու Այգեհովիտի, ինչպես նաև Որոտանի Դավթոմաս ուղղություններով»,-հայտնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են անհայտ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ:

Please enter a valid URL