Search
Close this search box.

Շիրակի նոր մարզպետին ինչո՞ւ էին ազատել առողջապահության փոխնախարարի պաշտոնից. ուշագրավ պատմություններ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը 44 օր տեւած Արցախյան պատերազմից հետո հաճախ կադրային փոփոխություններ է իրականացնում, սակայն դրանք ավելի շուտ տեղափոխություններ են հիշեցնում, քանի որ նախկին կադրերը պարզապես նոր աշխատանք են ստանում, կամ մի պաշտոնյան պարզապես գերատեսչություն է փոխում:

Վառ օրինակը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին կառավարու­թյան աշխատակազմի ղեկավար նշանակելն էր, իսկ վերջինիս փոխարեն էլ այդ պաշ­տոնին նշանակվեց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազատվում է անհաջողակ կադրերից, այլ, հակառակը, նրանց նոր պաշտոնների է նշանակում, նույնն էր նաեւ Արայիկ Հարությունյանի պարագայում: Վերջինս, հանրային ճնշման ներքո ազատվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարա­րի պաշտոնից, նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

Իսկ երեկ արդեն կառավարության նիստում Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ՝ փոխարինելով Տիգրան Պետրոսյանին: Նորանշանակ մարզպետն այնքան էլ նորեկ չէ, եւ նրա հետ բավականին ուշագրավ պատմություններ են առկա: Նախ նշենք, որ Հարու­թյունյանը առողջապահության փոխնախարար է եղել՝ աշխատելով հենց Թորոսյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2019 թվականի հոկտեմբերի 16-ին էր գրել Հարությունյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատվելու պատճառների մասին: Նախ՝ պաշ­տոնից ազատվելուց օրեր առաջ վերջինս խորհրդարանում բախումներ ունեցավ ԱԺ նա­խագահ Արարատ Միրզոյանի հետ, վերջինս ասել էր․ «Կառաջարկեի այսուհետ քիչ կար­ծել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել, թող գործադիրն իր աշխատանքն անի, իսկ Ազգային ժողովը կպատկերացնի՝ ոնց ինքը աշխատի»: Սա­կայն սա էլ միակ պատճառը չէր կարող լինել. նրա հայրն Ազգային անվտանգության ծա­ռայությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծավալված գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, եւ հենց դրա հա­մար են փոխնախարարին հեռացրել աշխատանքից։

Եվ, ահա. այս դեպքերից մեկ տարի անց Հովհաննես Հարությունյանը կրկին նոր պաշտոնի է նշանակվում։ Իսկ այս տեղա­փոխությունները եւ նույն մարդկանց կրկին պաշտոններ տալը կարող է նշանակել եր­կու բան՝ կա՛մ իշխանությունների մոտ կադրային խնդիր է, կա՛մ քչերն են համաձայնում աշխատել իշխանությունների հետ, եւ նրանք ստիպված զբաղվում են կադրային տեղաշարժերով՝ տպավորություն ստեղծելով, թե փոփոխություն են անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL