Search
Close this search box.

10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է

Հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել:

Ըստ ԱԻ նախարարության՝ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարակներին հաջողվել է գտնել երկու քաղաքացիներին, որոնցից մեկը 17 ամյա տղան էր։

Տղայի հայրը՝ Արման Բ.-ն, armtimes.com-ի հետ զրույցում նշել է՝ ընտանիքը Ձորագլուխ գյուղից է, նախորդ 7 տարիներն ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում։ Սակայն 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով ընտանիքը կորցրել է տունը և նորից տեղափոխվել Ձորագլուխ, որտեղ ապրում են բարեկամի տանը։

«Կովսականի մեր տունը անցավ ադրբեջանական կողմին, մենք էլ նորից վերադարձանք մեր հայրենի գյուղը՝ ամեն ինչ նորից սկսելու։ Այդ օրն էլ տղաս մեր բարեկամի հետ էր բարձրացել սար, որպեսզի նրա 19-ը ձիերին իջացնեին սարից։ Ինձ տեղյակ պահել էր, ես գիտեի, որ ինքն իր ձիով բարեկամի հետ է։ Հետո զանգահարեց ինձ, բացատրեց տեղը, ասաց՝ ձնաբուք է սկսվել, սառում է։ Ձիով է եղել, հետո ոտքով է սկսել քայլել, բայց ձնաբքի պատճառով չի կարողացել կողմնորոշվել և մոլորվել է»,- ասել է հայրը։

Հայրը պատմել է, որ երեխայի որոնողական աշխատանքները սկզբում սկսել են գյուղի երիտասարդների հետ։ Իսկ տղային գտնելուց հետո փրկարարների հետ միասին տեղափոխել են շտապօգնության մեքենա, որտեղից էլ՝ Ապարանի բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյանը, որն աշխատում է նաև Ապարանի բժշկական կենտրոնում և տղային բուժող բժիշկն է, լրատվամիջոցի հետ զրույցում նշել է՝ տղայի մոտ հիվանդանոց տեղափոխվելուն պես գրանցվել է «կլինկական մահ» վիճակ՝ սրտի և շնչառության կանգով։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են շուրջ 1 ժամ 15 րոպե։

«Երբ տղային տեղափոխեցին, երեխայի ուղեղը դեռ պահպանվում էր։ Ժամ 15 րոպե բոլորս՝ ռեանիմատոլոգները, բժիշկները, բոլոր անձնակազմով սկսեցինք սիրտ-թոքային ռեանիմացիա անել։ Սա հազվագյուտ դեպքերում է արվում, որովհետև ռեանիմացիան տևում է 30-40 րոպե, եթե դրանից հետո չի վերկանգնվում վիճակը, ռեանիմացին ընդհատում ենք։ Բայց ռեանիմացիան շարունակվեց, քանի որ բիբերի նեղություն ուներ չափավոր լայնությամբ, և ուղեղը դեռ պահպանված էր»,- մանրամասնել է Սարգսյանը։

Ռեանիմացիայից հետո վերականգնվել է տղայի սրտի աշխատանքը, հետո՝ միացվել ապարատային շնչառություն։ 12 ժամ հետո տղան գիտակցության է եկել։ Հանվել է արհեստական շնշառության սարքը։

«Հիմա նա ակտիվ կոնտակտի մեջ է մտնում։ Հասկանում է՝ ինչ է կատարվում, պատմում է իր հետ կատարվածը։ Բոլոր ռեֆլեքսները պահպանված են, միայն ոտքերին և ձեռքերին կան ցրտահարության երկրորդ աստիճանի օջախներ։ Ընդհանուր կան մանր ցրտահարության օջախներ, որոնք արդեն մշակվել են։ Այսինքն՝ իր հեմոդինամիկան կարգին է»,- հավելել է բժիշկը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Please enter a valid URL