Անկարան եւ Բաքուն պատրաստվում են Թուրքիայի Կարս քաղաքում անցկացվելիք «Ձմեռ 2021» զորավարժություններին, որոնք կկայանան փետրվարի 1-12-ին, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: «Զորավարժությունների նպատակն է ապահովել համագործակցությունն ու համակարգումը համատեղ գործողությունների անցկացման ժամանակ»,-հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Ակնկալվում է, որ զորավարժություններին կներգրավվեն հատուկջոկատայիններ, դիպուկահար թիմեր, տանկային վաշտեր, ուղղաթիռներ:
Փորձագետներն արդեն ուշադրություն են դարձրել նրան, որ տակտիկական օդադեսանտային զորքերի իջեցումը, որը պետք է մշակվի առաջիկա զորավարժությունների ընթացքում, ռազմական գործողությունների համեմատաբար նոր տարր է, որը Թուրքիան եւ Ադրբեջանը չեն օգտագործել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում 2020 թվականի աշնանը:
Չկա գուշակելու անհրաժեշտություն, թե մանեւրների ժամանակ ում են Թուրքիան եւ Ադրբեջանը հակառակորդ համարում: Ադրբեջանական ուժերի՝ Կարս ժամանելուց անմիջապես հետո Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել. «Մենք հպարտ ենք ողջունելու մեր եղբայրներին, որոնք մեծ հաղթանակ են տարել Ղարաբաղում հայկական բանակի նկատմամբ»: Իսկ դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը խոսեցին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին եւ պնդեցին. «Եթե ԼՂ հարցով պայմանավորվածությունները խախտվեն, մենք կարող ենք անհապաղ անցում կատարել հակամարտության՝ ռազմական տարբերակով կարգավորմանը»: Կարս քաղաքը, որը ժամանակին եղել է Ռուսական կայսրության կազմում, այժմ գտնվում է Հայաստանի հետ սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա: Քաղաքը Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու խոշոր տրանսպորտային հանգույցն է եղել: Գյումրիում այժմ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան:
1993 թվականից ճանապարհը չի աշխատում՝ հիշեցնում է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Շամիլ Գարեեւը, ում խոսքով՝ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացման մասին հայտարարություն է ստորագրվել: Նրա տվյալներով՝ Կարսում այսօր տեղակայված է Թուրքիայի զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեխանիզացված բրիգադը:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով «ներկայիս աշխարհաքաղաքական վիճակն իրեն ձեռնտու չէ»: Հատկապես հիշարժան են Ալիեւի խոսքերը, թե «Սյունիքը, Սեւանն ու Երեւանը Ադրբեջանի պատմական հողերն են»:
«Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ակտիվությունը շատ տագնապալի գործոն է»,-կարծիք է հայտնել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւը, որը ժամանակին ծառայել է Անդրկովկասում: «Ուզում եմ հուսալ, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազան եւ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները զսպող ուժի դրական դեր կխաղան։ Պետք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամ է եւ ագրեսիայի դեպքում կազմակերպությունում ընդգրկված երկրները օգնության ձեռք կմեկնեն իրենց գործընկերոջը»,-ասել է նա: