«Կոմերսանտի հրապարակումը կա՛մ ցանկություն է, կա՛մ ինչ-որ մտածելակերպ, որը որեւէ բան չի նշանակում: Նման քննարկում չի եղել ո՛չ բանավոր, ո՛չ էլ, առավել եւս, գրավոր: Այո, մտքեր փոխանակվել են այդ հարցի շուրջ, առավելապես՝ ռուսական կողմի հետ, բայց որեւէ կոնկրետ որոշում չի եղել». փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվում էր, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է «Կոմերսանտ»-ի հրապարակած քարտեզը, ըստ որի՝ արդեն քննարկվել է ճանապարհներիի ապաշրջափակումը, եւ այն պետք է անցնի Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ-Բաքու եւ Դերբենդ ճանապարհով:
Գրիգորյանի պատասխանից հետո պատգամավորը հետաքրքրվեց՝ այսինքն՝ հայկական կողմը կարո՞ղ է պնդել, որ քննարկվի հայկական եւ ադրբեջանական ԽՍՀ-ի կոմունիկացիաները բացելու հարցը:
«Վստահ եմ եւ վստահ եմ, որ ինչ-որ պահի պատգամավորներն էլ կմասնակցեն, կարծիք կձեւավորեն կամ կարծիք կտրամադրեն, քննարկումները նոր են սկսվելու»,- արձագանքեց Գրիգորյանը: