Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կնոջ սիրտը վկայել էր` Վազգեն Գրիգորյանն ու ծառայակից ընկերները զոհվել էին Շուշիում

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ավագ փորձագետ, ոստիկանության մայոր Վազգեն Գրիգորյան։ Ստորաբաժանման լավագույն ծառայողներից էր. անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։

Վազգեն Գրիգորյանի տունը Տավուշի մարզի Գանձաքար գյուղում է։ Պատմում են, որ անձամբ էր տունը նորոգում, քարը քարին դնում: Կիսատ մնաց…
«Շատ ուշադիր որդի էր։ Հայրը հիվանդացել էր։ Այնտեղից ասել էր՝ մենակ պապայիս լավ պահեք, դուք ի վիճակի եք դիմանալ»,- ասում է մայրը՝ Սուսաննա Գրիգորյանը։ «Մինչև իմ սենյակի դուռը չբացեր, գործի չէր գնում։ Ասում էր, պապ ջան, ո՞նց ես, ցավդ տանեմ»,-պատմում է հայրը՝ Հմայակ Գրիգորյանը։
Պատերազմի սկսվելու օրը Վազգենը հերթապահության էր։ Թեև վիրահատության սպիները դեռ թարմ էին, կնոջը խնդրել էր հավաքել իրերը, որ պատերազմ գնա։
Արցախի ճանապարհին զանգել էր կնոջըն ու ասել՝ հեռախոսը երեխաներիս տուր: Խոսել էր որդու՝ Հայկի հետ:

«Ասաց, որ մայրիկին, պապիկին, տատիկին լսեմ, լավ սովորեմ, որ լավ մարդ դառնամ: Ես պետք է շատ-շատ լավ սովորեմ, որ իր նման լավ մարդ դառնամ»,- ասում է Հայկը։
Այս հեռախոսազանգը եղավ վերջինը։ Դրան հաջորդեց բոթը։

Տասնչորս տարի ոստիկանության համակարգում էր ծառայել, ուներ բազմաթիվ խրախուսանքներ, չուներ ոչ մի նկատողություն։
Երեխաները՝ Սուսաննան, Հայկն ու Նարեն, շրջում են հայրիկի բարեկարգած բակում, նստում են հայրիկի պատրաստած սեղանի շուրջ, խաղում են հայրիկի պատրաստած խաղալիքներով: Նրանց երազանքներն ու նպատակներն այսօր այլ են՝ «Ես ուզում եմ դառնալ ռազմաբժիշկ, որ բոլոր զինվորներին բուժեմ, որ իրենք թուրքերին հաղթեն», «Իսկ ես ուզում եմ տանկիստ դառնալ, որ իմ պապայի գործը շարունակեմ», «Ես էլ ուզում եմ դառնալ ոստիկան, որ ինքը երկնքից ինձնով հպարտանա»

Please enter a valid URL