Search
Close this search box.

«Հանդիսանում է Ռուսաստանի կատաղի հակառակորդներից». Ո՞վ է Ջո Բայդենի կողմից առաջադրված պետքարտուղարության երրորդ դեմքը

Ջո Բայդենը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալի պաշտոնում առաջադրել է Վիկտորիա Նյուլանդի թեկնածությունը:
Նյուլանդին ամերիկյան ժողովուրդը չի ճանաչում: Փոխարենը շատ լավ ճանաչում են Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները:
Դեմոկրատների հետ երբևէ աշխատած եզակի նեոկոնսերվատորներից` Նյուլանդը ամենահայտնին է: Նա Ուկրաինայի վերջին հեղափոխության ամենաականավոր դեմքերից է: Հանդիսանում է Ռուսաստանի կատաղի հակառակորդներից: 2020թ. հուլիսին իր հրապարակած մի հոդվածում Նյուլանդը կարծիք էր հայտնել, որ ըստ իրեն` «Ռուսաստանն այսօր առավել վտանգավոր է` քան ԽՍՀՄ տարիներին»:

Նյուլանդի արտաքին քաղաքական մոտեցման առանցքը Ռուսաստանի դեմ պայքարն է: Ամենուր և հատկապես Ռուսաստանի ազդեցության գոտիներում:
Նյուլանդը նաև այն տեսության ջատագովն է` համաձայն որի Ռուսաստանն անվերջ ծավալման ճանապարհ է բռնել և պետք է կասեցվի:

Եթե նախքան անցյալ տարեվերջ այդ թեզը խարսխվում էր միայն սիրիական և ուկրաինական օրինակների վրա, ապա Հայաստանի մասնակի կորուստն անշուշտ Նյուլանդին և նրա թիմին առավել մեծ վստահություն է ներշնչել այդ համոզմունքի ճշմարտացիության մեջ:
Պետքարտուղարության երրորդ դեմքը, եթե, իհարկե, Կոնգրեսը հաստատի նրան այդ պաշտոնում, անպայմանորեն լուրջ պայքար է սկսելու Ռուսաստանի դեմ և այդ ուղեծրից Արցախից մնացած հատվածն ու մնացյալ Հայաստանը զերծ չեն կարողանա մնալ:
Հայաստանը պետք է մեծ զգուշություն ցուցաբերի, որպեսզի չմնա իր մի մասը թշնամուն նվիրած դաշնակցի և այդ դաշնակցին պատժել ցանկացողի մենամարտի հարվածների էպիկենտրոնում:

Ակնհայտորեն Հայաստանի հանդեպ Վաշինգտոնում նոր քաղաքականություն է որդեգրվելու: Եվ եթե սովորականի պես Երևանում Վաշինգտոնին շնորհակալություն հայտնեն, բայց տանից դուրս հրավիրեն` ամենևին բացառված չէ, որ տան ներսը տաքացնելու և դրանով կենսապահովություն բերելու փոխարեն` այդ հերթական բայց արդեն ճակատագրական մերժմամբ` հայաստանանպաստ ցանկությունները Վաշինգտոնում վերափոխվեն այդ տունն այրելու` որպես հակառակորդ երկրի դժբախտ ու դժգույն ֆորպոստ, որ օգնության կարիք չունի և նախընտրում է որպես հեծելազորի ձիանոց ծառայել իր ավատատիրոջը, քան նոր բարեկամ գտնել և փորձել փրկվել վերահաս անխուսափելի կործանումից:
Նյուլանդի պես եվրասիական տարածաշրջանի մասնագետ «բազեի» առաջադրումը լուրջ քայլ է Բայդենի կողմից և դրա հնարավոր հետևանքներն անտեսել չի կարելի:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

Please enter a valid URL