Search
Close this search box.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ահազանգում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ահազանգում է, որ «Ադրբեջան 2020» փոստային նամականիշներից մեկը, որը թողարկել է Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ է։

«Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ»: Այս նամականիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը վարում է հայերի ցեղասպանության քաղաքականություն ու դա անում է հենց էթնիկ պատկանելիության հիմքով, միայն այն պատճառով, որ Արցախում ապրող մարդիկ հայ են»,- ասվում է օմբուդսմենի հայտարարությունում։

Նրա խոսքով՝ թշնամանքի քարոզն ու պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականությունն իրականացվում է տարիներ շարունակ։ Ըստ ՄԻՊ-ի՝ հենց այս ամենի հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, որոնք կատարել են պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ծառայողները էթնիկ հայերի նկատմամբ։

«Հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում հատկապես ունենալով երեխաների»,- նշվում է հայտարարությունում։

Please enter a valid URL