Search
Close this search box.

Ուշագրավ․ ՊԵԿ աշխատակիցները զենք կկրեն․ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական նախագծին, որով նախատեսվում է մարտական զենքի տրամադրում Պետական եկամուտների կոմիտեին։

«Զենքի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը՝ նշելով, որ կոմիտեում մարտական զենքը օգտագործվելու է օպերատիվ-հետախուզական նպատակներով։

Ըստ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը»։

Գասպարյանը նշեց, որ պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինները կարող են իրականացնել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության եւ այլ ապօրինի գործողությունների եւ օրենսդրության խախտումների բացահայտում եւ կանխում։

Արշակ Գասպարյանի խոսքով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են այն մարմինները, որոնք իրավունք ունեն կրելու մարտական զենք, և Պետական եկամուտների կոմիտեն նախատեսված չէ։ «Այս փոփոխությունը առաջարկում է, որ «Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացվեն Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան աշխատակիցները»։

Նախագծի հարակից զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ առաջարկեց ուշադրություն դարձնել ձևակերպմանը։ «Ձևակերպման մեջ գրված է՝ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային աշխատողները։ Այս ձևակերպման դեպքում արդյոք չի՞ առաջանում մտավախություն, որ բոլոր ծառայողները կարող են կրել, և, օրինակ, ցանկացած խանութ գնացող հարկայինի աշխատող ունենալու է զենք։ Դա տնտեսվարողների համար լուրջ մտահոգություն կարող է առաջացնել»։

Արշակ Գասպարյանն էլ, արձագանքելով Գորգիսյանին, նշեց, որ «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» օրենքներում արդեն իսկ նախատեսված է, թե որ դեպքերում կարող են զենք կրել, իսկ, Կառավարության որոշմամբ, կնախատեսվի այն աշխատակիցների ցանկը, զինատեսակը, որոնք իրավունք կունենան կրելու։ «Այսինքն՝ համատարած զենք չեն կրելու։ Զենքը կրելու համար պետք է նաև որոշակի դասընթացներ անցնել ոստիկանության ակադեմիայում, ունենալ զենք կրելու իրավունք, որից հետո նոր կհատկացվի զենքը»։

Գորգիսյանն էլ ՊԵԿ-ի նախագահի տեղակալին առաջարկեց Կառավարության որոշման հիմնական դրույթները լիագումար նիստում ներկայացնել։ «Այսինքն՝ հստակ պարզաբանվի՝ Կառավարության որոշմամբ ում ինչ տեսակի զենքեր են նախատեսելու, որպեսզի պարզ լինի, թե ինչի համար է այս օրենքը ընդունվում»։

Please enter a valid URL