Հունվարի 13-ին, ժամը 22.05-ին, ահազանգով մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում էր տվել Հրազդանի բնակիչ մի տղամարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից։
Ըստ նրա` պատերազմական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։
Ոմն Հարութ կնոջը խոստացել էր գումարի դիմաց որդուն գերությունից ազատել, սակայն խաբեությամբ, իրենց վստահությունը չարաշահելով՝ երկու ամսվա ընթացքում ոմն Հարութը տիրացել է տերմինալով իրեն փոխանցած մեկուկես միլիոն դրամին։
Տղամարդը վերջնականապես համոզվել է, որ իրենց խաբում են, երբ ստացել է որդու զոհվելու լուրը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվել է պարզել Հարութի ինքնությունը։
Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: