Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պայթյունը եղավ, ու էլ չեմ տեսել Սերյոժային». Սերյոժայի զոհվելուց 25 օր անց տանը մանկան ճիչ լսվեց` ծնվեց Սերյոժան

Խաշթառակի Սուրբ Դավիթ վանքն է։ Ոստիկանության սերժանտ Սերյոժա Վիրաբյանի սիրելի սրբատեղին է. նրան հաճախ կարելի էր տեսնել այստեղ…
Սերյոժա Վիրաբյանը ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ծառայող էր։ ՀՀ զինված ուժերում հետախույզ էր եղել, տիրապետում էր մի քանի զինատեսակների, զբաղվում էր մարտարվեստով։ Մեկ տարի առաջ ամուսնացել էր։
«Սերյոժան ՊՊԾ դասակի հարվածային ուժերից մեկն էր, ամեն միջոցառման գնում էր։ Հետախույզների, հանցագործների հայտնաբերման կամ այլ վտանգավոր միջոցառումներին նրան միշտ ընդգրկում էինք, քանի որ լավ էր կողմնորոշվում նման իրավիճակներում: Ես նրան ընդունել եմ որպես իմ երեխա…»,-նշեց ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը։
Պատերազմը սկսվելուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ծառայակից ընկերների հետ մեկնեց Լոռու մարզ՝ մարտական պատրաստություն անցնելու։ Օրեր անց արդեն Արցախում էր և անմահացավ հոկտեմբերի 4-ին։
«Նրա ջոկի հրամանատարն եմ եղել, մի քանի տարում դարձել էինք հարազատ եղբայրներ: Պայթյունը եղավ, ու էլ չեմ տեսել Սերյոժային…»,-ասաց ընկերը՝ Արարատ Մինասյանը։
Սերյոժայի հայրը՝ Սմբատ Վիրաբյանը, հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ազատամարտիկներից է։ Մասնակցել է Տավուշի մարզի սահմանների պաշտպանական մարտերին։ Նրա խոսքով՝ Սերյոժան դաստիարակվել էր հերոսներ Մոնթե Մելքոնյանի և Աշոտ Ղուլյանի օրինակով։ Ուրեմն, պատահական չէ, որ պատերազմի հենց առաջին օրը զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը։
Սերյոժա Վիրաբյանի ծննդավայր Խաշթառակի՝ իրենց տան բակում կայանված է նրա մեքենան, իսկ տանն ամեն ինչ նրան է հիշեցնում…

Սերյոժայի զոհվելուց 25 օր անց տանը մանկան ճիչ լսվեց. ծնվեց Սերյոժա Սերյոժայի Վիրաբյանը։
Ոստիկանության ավագ սերժանտ Սերյոժա Վիրաբյանը այսօր էլ իր սիրելի սրբավայրի մոտ է: Իսկ փոքրիկ Սերյոժան կշարունակի հանուն իրեն ու հանուն կյանքի զոհված հոր կիսատ գործը…:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն

Please enter a valid URL