Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) մատակարարման դադարեցումը Հայաստանում չպետք է հանգեցնի հանրային տրանսպորտի աշխատանքի խափանմանը, իսկ ահա տաքսիների հետ կարող են դժվարություններ առաջանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։
Երեկ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել էր, որ ՀՀ բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև հունվարի 15-ը ժամը 07:00-ը դադարեցնել ՀՀ բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով:
«Գազպրոմ Արմենիան» որոշում է կայացրել հունվարի 13-ի ժամը 23:00-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը
Փոխադրողների միության նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «Գազպրոմ Արմենիան» հուլիսի 19-ից բարձրացրել է գազի սակագինը բիզնեսի, այդ թվում՝ լիցքավորման կայանների համար։ Նրա խոսքով՝ ԱԳԼՃԿ-ները համաձայն չեն այդ որոշման հետ, այդ պատճառով՝ պարբերաբար գնի մասին բանակցություններ են վարում «Գազպրոմ Արմենիայի» հետ։ Բացի այդ, տրանսպորտային ընկերությունները պատրաստ չեն գազի դիմաց ավելի շատ վճարել առանց ուղեվարձը բարձրացնելու։ Հետևաբար, շուտով այդ ոլորտում կարող է կոլապս լինել, ու այն չի սահմանափակվի մեկ օրով։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տրանսպորտային միջոցներն աշխատում եմ դիզելային վառելիքով, ու դրանց աշխատանքը չի խափանվի։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ը, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։