Search
Close this search box.

Նիկոլն ու իր արքունիքը ռազմագերիների ծնողներին գրեթե համոզել էին, որ իրենց որդիները Բաքվում « чуть ли не» ինքնաթիռում նստած են

Ռազմագերիների հարցը չլուծվեց, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․
Չորս ժամ «առանձնազրուցելուց» հետո Ալիեւը հայտարարեց, որ ինքը բավարարված է եւ որ իրենց համար ամենակարեւոր հարցը՝ կոմունիկացիաների եւ տրանսպորտային արտերիաների ապաշրջափակման հարցը լուծված է։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմագերիների հարցը չհաջողվեց լուծել։

Հիշեցնեմ, որ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը գրեց, որ իր համար նոյեմբերի 10-ի հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունը գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ զոհվածների մարմինների լիարժեք փոխանակումն են։

Իսկ նիկոլականությունը խրոխտ հայտարարում էր, թե որեւէ հարց չի կարող քննարկվել, եթե այդ հարցում չլինի կոնսեսուս։ Կոնսեսուս, ինչպես տեսանք, չեղավ, ու Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարությունը բացառապես նոյեմբերի 10-ի խայտառակ թղթի 9-րդ կետի իրագործման ճանապարհային քարտեզն էր՝ կոմունիկացիաների ապահովում եւ տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակում։

Հա, չմոռանամ հիշեցնել, որ Նիկոլն ու իր արքունիքը ռազմագերիների ծնողներին գրեթե համոզել էին, որ իրենց որդիները Բաքվում « чуть ли не» ինքնաթիռում նստած են ու հեսա-հեսա կհասնեին Երեւան, եթե իշխանատենչ ընդդիմությունը հանրահավաքներ չաներ։
Ավելին, ռազմագերիների մի քանի ծնող էլ, հիշում եք, հավատալով սույն թեզի կոնստանտ մեծություն լինելուն, եկան ու կառավարության դիմաց հանրահավաք անող ընդդիմադիրներիս ամոթանք տվեցին, թե ինչի՞ ենք խանգարում իրենց որդիներին վերադարձնող Նիկոլին։

Մինչդեռ, իրենց որդիների վերադարձին խանգարող մեկ մարդ կա ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ է։ Ու այդ մեկ մարդն էր, որ նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի թղթում, երբ հանձնում էր Արցախը, չկարողացավ գոնե հանձնված Արցախի դիմաց մի տող ամրագրեր, որ մեր ռազմագերիները առանց որեւէ նախապայմանի եւ օր առաջ պիտի վերադարձվեն։
Ու այդ մեկ մարդն էր, որ այսօր Մոսկվայում չկարողացավ հրաժարվել որեւէ թղթի ստորագրումից, մինչեւ չլուծվեր ռազմագերիների հարցը։

Ու քանի որ չարեց, Ալիեւը հայտարարում է, որ գերեվարվածները դիվերսանտներ են, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ու ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը նամակների տեղատարափով միջազգային հանրությանը համոզում են, որ Հադրութի շրջանում հակաահաբեկչական գործողություն են իրականացրել ու գերեվարված 62 շիրակցիները դիվերսանտներ են։
Մինչդեռ, գերեվարված մեր հայրենակիցները ռազմագերիներ են եւ Ժնեւի 3-րդ կոնվենցիայով նրանք չեն կարող որեւէ քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել, ու պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն հայրենիք։

Please enter a valid URL