Կոնգրեսը Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած անկարգությունների և Վաշինգտոնում պարետային ժամի ֆոնին հաստատել է նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը, փոխանցում է The Hill-ը։
Բայդենը ստացել է Կոնգրեսի կողմից հաստատված քվեաթերթիկների ավելի քան 270 ձայն։
Կոնգրեսում ընտրիչների ձայների հաստատումը բացառում է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու համար սահմանադրական հնարավորությունները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:
Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտիի խոսքով՝ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել։
«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- ասել էր Կոնտին: