Հայաստանում կարանտինը եւս 6 ամսով կերկարաձգվի: Այս մասին «Ազատության»-ը հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
4-ամսյա կարանտինը մինչեւ հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչեւ այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Առաջիկա աշխատանքային օրը հունվարի 8-ն է, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, հենց ուրբաթ էլ գործադիրը կհաստատի այն։
Առաջարկն, ըստ Ալինա Նիկողոսյանի, արել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը։ «Օրական կտրվածքով մենք ունենում ենք հարյուրավոր դեպքեր, այդ իսկ պատճառով կարանտինը երկարացվում է», — նշեց Նիկողոսյանը։
Առողջապահության նախարարի խոսնակն ասաց՝ Կառավարություն ուղարկված նախագծում փոփոխություններ չեն առաջարկել, երբ հաստատվի, գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց եւ փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։ Չհետեւողներին էլ ոստիկանությունը կարող է տուգանել։
Իշխանությունը մտադիր չէ սահմանափակել հավաքների անցկացումը։ Բայց վարչապետի խոսնակը չբացառեց՝ թվերի աճ եղավ, կլինեն նաեւ խստացումներ՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչպիսի։ «Այս պահին նախագծով նախատեսված չէ, որ կանոնների խստացում կամ թեթեւացում լինի։ Դե հետագայում արդեն թողնենք հետագայի վրա, հուսով ենք, որ դրա անհրաժեշտությունը չի ծագի», — ասաց Գեւորգյանը։