Search
Close this search box.

Հայ գիտնականներն ԱԹՍ–ից «չվախեցող» ներկ են ստեղծել

Sputnik Արմենիան գրում է.

Այդպիսի ներկով ներկված կտորը կլանում է ԱԹՍ-ների և կառավարվող հրթիռների օպտիկական և ինֆրակարմիր տվիչների ճառագայթումը և խանգարում նշանառությանը։

Հայ գիտնականների թիմը պատերազմի ժամանակ ներկ է ստեղծել, որն ավելացնում է տեխնիկայի և մարդկանց պաշտպանությունը օդից կառավարվող հարվածներից։

«Նմանատիպ նյութեր ստեղծվում են նաև այլ երկրներում, բայց, բնականաբար, ոչ ոք չի շտապում կիսվել դրանցով։ Այնպես որ ավելի լավ է ինքներս ունենանք նման տեխնոլոգիաներ, քան ուրիշներից խնդրենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեխնոլոգիայի հեղինակներից մեկը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Արամ Մանուկյանը։

Հայկական տեխնոլոգիան պրակտիկ է նաև նրանով, որ դրա համար ո՛չ թանկարժեք կամ հազվագյուտ բաղադրիչներ են պետք, ոչ էլ բարդ տեխնոլոգիական գործընթացներ։

Ներկը կլանում է լուսային և ջերմային (ինֆրակարմիր) ճառագայթումը՝ այդպիսով ԱԹՍ-ներին և կառավարվող հրթիռներին թույլ չտալով նշան բռնել։ Նկատելով հարվածի թիրախը` անօդաչուն դրա ուղղությամբ լազերային ճառագայթներ է ուղարկում։ Կախված նրանից, թե որ կետից և ինչ ուժով են անդրադառնում այդ ճառագայթները, ԱԹՍ-ն որոշում է թիրախի կոորդինատները (մոտավորապես այնպես, ինչպես կույրն է փողոցում ձեռնափայտով շոշափում իր շուրջը)։ Ուստի, եթե ճառագայթները թիրախից չեն անդրադառնում, ապա դրոնը կամ կառավարվող հրթիռը չեն կարող ինքնուրույն նշան բռնել։

Բնության մեջ, իհարկե, գրեթե չկան նյութեր, որոնք լիովին կլանում են լուսային ճառագայթումը, բայց կարելի է ստանալ 95 տոկոս և ավելի կլանողունակությամբ նյութ։ Այդ դեպքում անդրադարձող ճառագայթներն այնքան թույլ կլինեն, որ ԱԹՍ-ն չի կարողանա որսալ դրանք կամ էլ ստիպված կլինի չափազանց ներքև իջնել, որտեղ ավելի հեշտ է այն խփել։ Իսկ եթե ԱԹՍ չէ, այլ կառավարվող հրթիռ (որը բաց են թողնում` թիրախի տեղը «ցույց տալով»), ապա այն ճառագայթը կբռնի թիրախին չափազանց մոտիկ գտնվելով և չի հասցնի ժամանակին շտկել ուղղությունը դեպի թիրախ։

Իհարկե, արբանյակից երևում են բոլոր թիրախների կոորդինատները (առավել ևս, որ Ադրբեջանը երկու տիեզերական արբանյակ ունի)։ Բայց անգամ հարվածի համար հստակ կոորդինատներ տալու դեպքում ոչ մի հրթիռ կամ կամիկաձե-դրոն սանտիմետրի ճշգրտությամբ չի խփում. դրանց շառավիղը նվազագույնը մի քանի մետր է։ Եվ եթե նկարագրված ձևով հակառակորդի համար բարդացվի նշանառությունը, ապա նրա կրակի դիպուկությունը նկատելիորեն կնվազի։

«Երբ ես ներկայացրի այս աշխատանքը, ինձ հարցրին․ «Բայց անօդաչուն մեզ ամեն դեպքում տեսնելու է, չէ՞։ Ի՞նչ անենք»։ Ես պատասխանեցի. «Դե, եթե անպայման ուզում եք ինչ-որ բան անել, կարող եք ներքևից նրան երեք մատի կոմբինացիա ցույց տալ»։ Կատակում եմ, իհարկե․․․ սա անտեսանելի գլխարկ չէ, ձեզ այնուամենայնիվ տեսնում են, բայց դիպուկ կրակել չեն կարող։ Էլի վատ չէ»,-նշեց Մանուկյանը։

Անտեսանելի գլխարկի մասին կատակի մեջ ճշմարտության բաժին կա։ Ներկը, ինչպես արդեն նշեցինք, կլանում է նաև ջերմային ճառագայթները, որոնք որսում են գիշերային տեսանելիության սարքերը։ Այնպես որ եթե ներկված կտորը քաշեն զրահաբաճկոնի և սաղավարտի վրա, գիշերը զինվորն անտեսանելի կդառնա այդպիսի տվիչների համար։

Մի շարք այլ երկրներ արդեն իսկ յուրացրել են այս տեխնոլոգիան, ընդ որում՝ վաղուց։ Հայաստանում միայն հիմա է ստեղծվում, քանի որ, ցավոք, բոլոր անցած տարիների ընթացքում գիտնականների առաջ նման խնդիր չեն դրել։ Նրանք ստիպված են եղել պետության փոխարեն մտածել, թե ինչ է պետք բանակին։

«Մենք տեսել ենք այն, ինչ բոլորը՝ տեսանյութ, թե ինչպես են օդից խփում մեր ուժերին, և զգացել ենք այն, ինչ բոլորը։ Դրանից հետո մենք սկսեցինք աշխատել և երկու ամսվա ընթացքում ստեղծեցինք ներկը, հետազոտեցինք այն։ Եթե մենք դա պատերազմից առաջ սկսեինք․․․ Հավանաբար մենք ինքներս էլ պետք է այդ մասին մտածեինք, ոչ թե սպասեինք՝ պետությունը կմտածի, թե չէ»,-ասում է Մանուկյանը։

«Բայց չէ՞ որ դուք ֆիզիկոս եք, ոչ թե գեներալ։ Չէիք կարող զինվորականներից լավ իմանալ, թե ինչ է պետք բանակին»,-առարկում ենք մենք։

«Այնքան էլ համաձայն չեմ։ Հիմա բոլորը մեղավորներ են փնտրում, և ես ուզում եմ մտածել, թե ինչ կարող էի անել ես և ինչ կարող եմ անել հիմա։ Թե՛ ես, թե՛ իմ գործընկերները»,-պատասխանում է Մանուկյանը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL