«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը: Այս մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է աղբյուրի գրավոր հարցմանն ի պատասխան:
Դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 21-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝ հստակեցնելու մի շարք հարցեր։ Մասնավորապես` խնդրել էին հայտնել, թե որքան անհետ կորած համարվող զինվոր ունենք, Ադրբեջանում գտնվող քանի հայ գերի կա, նրանցից քանիսն են քաղաքացիական անձ, քանիսը զինվորական:
Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էին ներկայացնել պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների իրական թիվը:
Հարցումն ուղարկելուց շուրջ 20 օր հետո` դեկտեմբերի 10-ին, աղբյուրը ՊՆ-ից ստացել է պաշտոնական պատասխան, որ նախարարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` հարցերին պատասխանելու համար: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նամակում մասնավորապես գրված էր.
«[email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։
Իսկ դեկտեմբերի վերջերին ստացվել է երկրորդ գրությունն առ այն, թե հարցապնդվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է, քանի որ համարվում է պետական ու ծառայողական գաղտնիք:
«Ակնհայտ է, որ զոհերի, անհետ կորած զինվորների թիվը պետական գաղտնիք համարվել չի կարող, այլապես նրանց տվյալները նախկինում եւս չէին հրապարակվի, իսկ դատախազությունն էլ քրեական գործեր կհարուցեր` պետական գաղտնիքը հրապարակելու համար»,- գրում է աղբյուրը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: