Արցախում իր հարազատներին որոնող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հունվարի 1-ին Արցախում 2 ուղղությամբ զինծառայողների որոնման աշխատանքներ են իրականացվել:
«Ճիշտ է սկզբում 2 ուղղություն են մտել՝ Ֆիզուլի և Հորադիզ: Ընդհանուր բերվել է 7 մարմին, 4-ը՝ Հորադիզից, 3-ը՝ Ֆիզուլիից: Դա այսօրվա մարմինների քանակի վերաբերյալ»,- ասել է նա՝ նշելով, որ խոսքը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների մասին է:
Իր խոսքով՝ ողջ զինծառայողների որոնման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ չկան:
Արսեն Ղուկասյանը նշել է, որ «խայտառակ» վիճակ է տիրում Հայաստանի տարբեր դիահերձարաններում: Մասնավորապես, իր խոսքով, Կապանի դիահերձարանի երկրորդ հարկում պարկերով տեղավորել են զոհված զիվորների մարմինները և բացել են պատուհանները: Տարածքում անտանելի հոտ է տիրում:
«Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չեք կարողանո՞ւմ հետները լեզու գտնել, թե՞ դա էլ է ռուսի թեման… դուք նույնիսկ զոհերի մարմինները չեք հարգում, գոնե մի հատ ռեֆռեժեռատոր ուղակեք, որ այդ մարմինները չփտեն, խոլերայի բուն է»,-դիմելով ՀՀ իշխանություններին՝ ասում է հարազատներին փնտրող քաղաքացին:
Արցախում եղբորն ու եղբորորդուն որոնող Արսեն Ղուկասյանը ավելի վաղ ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր. «Կարմիր խաչը չի աշխատում, հերիք չէ, հենց նոր տվյալներ ունեցանք, որ նաև մեր պաշտպանության նախարարությունն էլ չի ուզում աշխատել, այս հարցը էլի գցում են հետին պլան»:
Մանրամասները՝ տեսանյութում: