ԼՈՒՐԵՐ.com-ը գրում է.
Լույս աշխարհ է եկել Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված 18-ամյա Գևորգ Մարգարյանի որդին:
Ինչպես արդեն հայտնել ենք, երեխան, հավանաբար, հոր անունը պետք է կրեր, բայց Գևորգի մորեղբոր աղջիկը՝ Սուսիկ Մարգարյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ որոշել են երեխային Տիգրան անվանակոչել․ «Հստակ որոշում չէր եղել, պարզապես, չցանկացանք զոհված հոր անունով կնքել. Տիգրանս (Տիգրան Մեծ) նոր ծնունդ է»:
Երկրորդ Գևորգն է լույս աշխարհ եկել, հարազատների զգացողություններն աննկարագրելի են. «Երբ Գևս ծնվեց, 6 տարեկան էի, բայց էլի շատ տպավորիչ էին զգացողությունները, ու հիմա անցել է 18 տարի ու նույն էմոցիաները վերապրեցի, հույզերը լրիվ այլ էին, բայց ընդհանուր զգացողությունների մեխը նույնն էր՝ նույն երջանկությունը, դողը. որ գրկեցի Տիգրանին, կարծեցի՝ Գևիս եմ գրկում»,- ասում է Սուսիկը:
Սուսիկի խոսքով՝ ազդեցիկ է եղել Գևորգի մայրիկի հանդիպումը փոքրիկի հետ. «Գրկեց ու ասաց՝ Գևս է, շատ նման է նրան, ոչ մի տարբերություն չկա, անունը Տիգրան է, բայց մեր Գևորգն է»:
27.02.2002 թվականին ծնվեց Գևորգը։ 27.10.2020 թվականին զոհվեց Գևորգը։ 27.12.2020 թվականին ծնվեց Գևորգի «Տիգրան Մեծը»: