Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ՝ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման գոտիներում իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում, որպեսզի չխախտվեն կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Խաղաղապահ գործողությունների գոտում իրավիճակը հանգիստ է, հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել: Խաղաղապահ զորախումբը իրադրության մոնիթորինգն իրականացնում է 23 դիտակետերում: Ստեփանակերտում 24-ժամյա ռեժիմով գործում է թեժ գիծ` տեղի բնակչության դիմումների ընդունման և անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահները ստացել են ավելի քան 540 դիմում։ Բացի այդ, այս պահի  դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ապահովվել է ավելի քան 44 000 փախստականի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Մարդասիրական ականազերծման կենտրոնը շարունակում է հայտնաբերել և ոչնչացնել չպայթած զինամթերքը և պայթուցիկ սարքերը։

Մինչ օրս ստուգվել է 423 շենք-շինություն, 108 կմ ճանապարհ, հայտնաբերվել է մոտ 9000 պայթուցիկ նյութ, մաքրվել է ավելի քան 250 հա տարածք: Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ռուսական երկու ռազմադաշտային հոսպիտալում բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում, աշխատում են ճամփորդական բժշկական բրիգադներ: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ այսօրվա դրությամբ ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել  902 մարդու, այդ թվում՝ 115 երեխայի:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցությամբ ու ադրբեջանական և հայկական կողմերի ներգրավմամբ, կենտրոնի վեց խմբերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և հանձնման աշխատանքները: Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ Մարտունու շրջանում ենթակառուցվածքների և սոցիալական օբյեկտների վերականգնման ուղղությամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Խաղաղապահների օգնությամբ վերականգնվել է էներգամատակարարման համակարգը, վերանորոգվել է էլեկտրահաղորդման 20 կմ-ից ավելի գիծ։

«Շրջանի տարածքում կրկին հասանելի են բջջային կապն ու ինտերնետը։ Ամբողջությամբ վերականգնվել է գազատարը և բնակելի տներում կրկին կա ջեռուցում։ Կատարված աշխատանքների շնորհիվ բնակության համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել 60 բնակավայրում»,- տեղեկացնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։

Please enter a valid URL