Search
Close this search box.

Թաթուլի վերջին ուղերձն էր, որդուն փառքով մեծացնել ու պատմել հերոս հոր մասին

Անուն առ անուն
Անմահների պատկերներն ամենուր են, կտեսնեք, երբ փնտրեք: Սխրանքները անհաշվելի են: Անչափելի է դրանց գինն ու ծանրությունը, անգին են քայլերը նրանց, խրամատային ոտնահետքերը նրանց: Ու հատկապես, Թաթուլի:
Պատերազմել է գերմարդկային ուժով, վերերկրային զարկով, կայծակնային զորությամբ: ԵՎ սա, պարզապես, պոետիկ նկարագրություն չէ, վկայություն է, զինակցի, ընկերոջ, մարտական եղբայրության:

Թաթուլն ամենաթեժ ուղղություններում է կռվել: Նրա զինվորական պատրաստության մասին նկարագրությունը մեղմ կհնչի, որքան էլ բազմերանգ ներկայացնեմ: Թող ականատեսները պատմեն, ինչպես է երկու տասնյակից ավելի զինվորի փրկել կործանումից: Դուրս է հանել մարտական կարկուտի տակից: Սա ազգային հզորությունն է: Քանիսին է փրկել հետո, տղերքը կասեն:

Հատուկ նշանակության տղաները գիտեն, ինչպես է Թաթուլը հակառակորդի հարձակում կանխել, ինչպես է շրջափակում ճեղքել, որքան է հրետանու հարվածներից ընկել, բեկորներով դեմքն ու մարմինը վնասել, անհույս ընկածների շարքերից ոտքի կանգնել, նորից կրակել:
Երեք կողմից հակառակորդի մեջ, երեքով երկու հարյուրի դեմ են հայտնվել: Ու ամենաուղիղ իմաստով փյունիկի պես հառնել են, կռիվ են տվել ու դուրս եկել: Սա անհավատալի հերոսապատումների գլխագրերից է: Թաթուլը սերժանտ էր, բայց կարող էր գնդապետի փոխարինել, լիարժեք պատրաստ մարտիկ էր:
Հրամանատար Վահագնի զոհվելու լուրն ամենացավոտն ինքն էր տարել ռազմաճակատում: Պատմում են, որ այդ օրվանից սուրն ամենուր է կտրել, միայնակ մտել ու մի քանի րոպե հետո տասնյակների գետնին փռած է հենակետից դուրս եկել: Մահկանացուների համար սա առասպել է, Թաթուլն իրական էր, իրական է:
Նրա վերջին ուղերձն էր, որդուն փառքով մեծացնել ու պատմել հերոս հոր մասին: Անունն էլ ինքն էր դրել, Մոնթե: Հաջորդը` Նժդեհն էր, հետո Սյունեն, հետո Սոսեն: Այսպիսի ազգային քառյակի երազով էր ապրում: Հիմա Մոնթեն է` առաքելության կրողը:

ՀԳ. Թաթուլ Տիգրանի Հակոբյան՝ ՀՀ ՊՆ հատուկջոկատային, հրամանատար, ապրիլյան պատերազմի եւ հուլիսյան մարտերի ակտիվ մասնակից, արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացրած, պարգեւատրված ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության գերատեսչական, մարտական մեդալներով:
Հավերժ հիշատակ, հերո՛ս

Անի Քոչար

Please enter a valid URL