Ինչպես արդեն հայտնել ենք, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել է Քննչական կմոիտե հարցաքննության:
Այստեղ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում նրան:
Քիչ առաջ ՔԿ-ի մոտ եկավ նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով երեկ ազատ արձակվեց 2 օր ձերբակալված լինելուց հետո:
Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատերազմի ժամանակն ինքն ու պարոն Փարամազյանը նույն օրն են մեկնել Ջաբրայիլ՝ հոկտեմբերի 1-ին. «Մոտ 250 հոգի էինք, հետո ավելացանք: Ուզում եմ մի փաստ ասել, որի մասին կարող եք տեղեկանալ նաև ՊՆ-ից, մենք վերջին մարդիկ ենք եղել կորպուսի հետ, որ մինչև վերջին կետը կռվել ենք Ջաբրայիլում: Հետո հետ ենք եկել ու նոր դիրքերում շարունակել մարտերը:
Մեր ժողովուրդը թասիբով կանգնել ու կռվել է: Մենք կարողացել ենք պահել բավականին մեծ տարածքներ, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորոթյունը տվեց այդ հողերը: Բայց պայմանագրում ասված էր, որ զորքերը պետք է կանգնեն այն հատվածում, որտեղ կանգնած էին»:
«Հիմա մեր խնդիրը մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է: Մի քանի մետրի վրա թուրքերն են, երեխաներին ինչպես թողնենք, որ դպրոց գնան:
Երևանում իրականությունն այլ է, եկեք տեսեք, թե մեզ մոտ ինչ է կատարվում: Այս մարդկանց չի հետաքրքրում դա։ Վաղն էլ կարող ա պարզվի, որ բանավոր խոսքերով Գորիսը տվեց, գյուղ տվեց, կամ երեկոյան բարձր տրամադրություն ունենա ու մեր պետության մի մասը նվեր տա ինչ-որ մարդկանց»,-ասաց նա:
Առուշանյանի խոսքերով, օրինակ Որոտանից 26 կմ առաջ դիրք է եղել, որը հանձնվել է թշնամուն: Այսինքն GPS-ը ցույց է տվել, որ հայկական կողմը պետք է այդքան նահանջի. «Հիմա այդ 26 կմ-ն տվել են»,-ասաց նա: