Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անհետ կորած երկու հայ քաղաքացու են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Ռուս խաղաղապահները օգնել են գտնել նախկինում անհետ կորած ՀՀ երկու քաղաքացու և հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչակազմին: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում անհետ կորած զինծառայողների որոնման համատեղ խումբը հայտնաբերել է Հայաստանի երկու քաղաքացու, ովքեր տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի տարածք», — ասել է նա: Ըստ Կոնաշենկովի, Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին տեղեկատվության հավաքագրումը շարունակվում է: Մինչ օրս ընթացք է տրվել թեժ գծի կողմից ստացված 528 հեռախոսազանգի: