Քիչ առաջ վերադարձա Սյունիքից: Այցելել եմ նաև Դավիթ Բեկ համայնք, Մեղրի, Ագարակ (առաջնագիծ): Գնացել էի սովորական ճանապարհով, այսօր հետ եմ եկել նույնպես Շուռնուխ-Գորիս հատվածով: Ճանապարհին մինչև այսօր 15:00-ն տարօրինակ ոչինչ չկար, հսկվում էր ՀՀ համապատասխան ստորաբաժանումների կողմից և մարդիկ թե գնացող, թե եկող հատվածներից տեսնելով մեր զորքը` հանգիստ շարունակում էին ճանապարհը: Իմ տեսածով` ամեն բան անվտանգ էր, եթե հաշվի չառնենք, որ Կապանում (Օդանավակայանին հարող սարեր) Դավիթ Բեկում, Մեղրիից 2-3կմ հեռու «անզեն» կարելի էր ադրբեջանական զինվոր, դրոշ կամ հենակետ տեսնել: Սա ճանապարհի և ընդհանր վիճակի մասով:
Այնուամենայնիվ` Սյունիքում վախեցած մարդ չտեսա, բայց խիստ զայրացած մարդկանց պակաս չկար և դա նորություն չէ ոչ մեկիս համար:
Զգացվում էր, որ համայնքապետերը լավ կազմակերպել են սահմանամերձ դարձած համայնքների ինքնապաշտպանական ուժերը, որոնց, որքան հասկացա, որոշ նոր հատվածներում աջակցում էին ուժային կառույցները: Սյունեցիներին բնորոշ ոճով մոբիլիզացիոն խնդիր չկար ու չի էլ եղել:
Կարճ ասած` այնտեղ որտեղ շատ է մոտեցել սահմանը` զորք կամ զինված մարդիկ մեր կողմից կային: Հայաստանի հարավային դարպաս Մեղրիի բնակիչները մեկ մարդու նման էին, հավեսս տվեց Ագարակ-Մեղրի հատվածի կազմակերպվածությունից:
Հիմա հարցեր, որոնք տեղական ուժերով լուծելն անհնար է.
1. Ճանապարհները զգալի հատվածի ասֆալտը շարունակում է ալիքներով մնալ, չհաշված փոսերն ու գծանշումների բացակայությունը գոնե ամենակարևոր հատվածներում: Պետք է տեսնել մայրուղիների իրանական հատվածի որակը, ցավոք պիտի ասեմ, ադրբեջանական հատվածինը (արդեն սկսել են իդեական ճանապարհներ կառուցել Արցախի հանրապետության նախկին տարածքներում ու Նախիջևանում ու մեր ճանապարհները: 30 տարվա ընթացքում ռազմավարական կարևորագույն նշանակության այդ ճանապարհներն այդպես էլ խելքի չեկան: Ինչը ամոթ է, սարսափելի ամոթալի փաստ, տարածաշրջանում ամենավատ ճանապարհները են մերը:
2. Հարգելի պետություն, ՀՀ ում չպետք է հենակետ լինի, որտեղ մեքենայի ճանապարհ չկա ու ձիով կամ ոտքով պետք է ինչ որ բան հասցվի: Նայեք ԴՐԱՆՔ ինչպես են աշխատում:
3. Տղեք, 21-րդ դարն է ու շինաշխատանքներ անում են տեխնիկայով, երկաթբետոնը պետք է փոխարինելու գալու «բլինդաժներին» ու դիրքային այլ կառույցներին: Գոնե հիմա 21-րդ դար եկեք ու իրական գործ արեք:
4. Եթե խելքի չգանք շատ-շատ արագ, ուժեղ կենտրանական կառավարում չմտցնեք, գոնե մոտավոր պատկերացում չկազմենք ու չսահմանենք, թե ուր ենք ուզում գնալ, ինչպիսի հարաբերություններ ենք ուզում ունենալ հարևանների հետ` մեր վիճակն ավելի կծանրանա ու մեծ արտագաղթ կլինի: Դեռ զգացողություն չունեմ, թե մեր վիճակը կարգավորվելու միտում կա: Բայց սովորաբար վերջում սթափվում ենք:
Առաջ Աստված
Զոհրաբ Եգանյան