Search
Close this search box.

Ադրբեջանցիները փորձում են «կիսել» Ճակատեն գյուղի ալեհավաք կայանը․ նոր սահման են գծում

armeniasputnik.am-ը գրում է. Չնայած աշտարակից 30 մետր հեռավորության վրա պահպանվել է Խորհրդային Հայաստանն ու Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանային սյունը, ադրբեջանցիները ցանկանում են նոր գիծ հաստատել։

Ադրբեջանցիները ցանկանում են նոր սահմանն անցկացնել Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտ գտնվող հեռուստաաշտարակի միջով՝ չնայած խորհրդային ժամանակներից պահպանված սահմանային սյանը։

Sputnik Արմենիայի նկարահանող խմբի՝ գյուղում գտնվելու պահին գյուղապետարան բերեցին ինչ-որ տեղից հանված ալեհավաքները։ Պարզվեց, որ ալեհավաքները բերել են հարակից բլրի վրա գտնվող աշտարակից (որը լավ տեսանելի է գյուղից)։

Այնտեղ է գտնվում հեռուստաաշտարակը, Vicacell, Ucom բջջային օպերատորների ալեցիրները։ Պարզվեց՝ սահմանագծման ժամանակ ադրբեջանցիները հայտարարել են, որ սահմանն անցնում է ուղիղ հեռուսաաշտարակի շինության միջով։

«Սահմանը բլուրով է անցնում, դրանից այն կողմ նրանց տարածքներն են, այս կողմում՝ մերը։ Նրանք(ադրբեջանցիները) GPS են միացրել, շենքի մի կեսը ընկնում է իրենց տարածքում»,-ասաց գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը։

Բայց խորհրդային սահմանը, ինչպես Սարուխանյանի, այնպես էլ գյուղի բնակիչների խոսքով, այնտեղով չէր անցնում։ Աշտարակից 30 մետր հեռու դեռ խորհրդային ժամանակներից պահպանվել է սահմանյին նշասյունը։

«Ահա այնտեղ տնկված է, ամեն ինչ իր տեղում է մնում։ Հետևում նրանք են, այս կողմում՝ մենք»,-ասում է գյուղի բնակիչը։

Նրա խոսքով՝ եթե ադրբեջանցները տեղավորվեն բլրի գագաթին, գյուղում անելիք չի մնա։ Այսօր այնտեղ են, մի ամիս հետո՝ գյուղում կհայտնվեն։

Նա չի հասկանում, թե ինչպես է ստացվել, որ սահմանային սյունը դեռևս խորհրդային տարիներից շենքից հեռու է տեղադրվել, բայց նոր սահմանը չգիտես ինչու պետք է անցնի ոչ թե դրանով, այլ կայանով։

Գյուղապետը նաև չի հասկանում, թե ինչու և ինչպես է GPS-ը սահմանը աշտարակի միջով ցույց տալիս։ Բայց նրան հանձնարարել են հանել էլեկտրական սարքավորումները և ուրիշ գյուղ տեղափոխել։

«Ասյպիսի պատմություն միայն այստեղ չէ, Ագարակում էլ նույն բանն է»,-ասում է Սարուխանյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ռուս սահմանապահները վերահսկելու են Կապանից հարավ ընկած ճանապարհը, նրանց դիտակետը տեղակայվում է Ճակատեն գյուղից ոչ հեռու։

Please enter a valid URL