Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը (Սահմանադրության 14 հոդված):
Որպես քաղաքացի, զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ հանդիսացող գլխավոր շտաբի պետից ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԱՆՀԱՊԱՂ ապահովել Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների կատարումը, այն է՝ ապահովել Սյունիքի մարզի, այդ թվում՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի եւ Կապան քաղաքի սահմանների պաշտպանությունը եւ անվտանգությունը, հաշվի առնելով հետեւյալը՝
1) ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ ԱՀ նախագահի միջեւ 09.11.2020թ. ստորագրված նվաստացուցիչ փաստաթղթում Ղուբաթլուի (Քաշաթաղի) կամ դրա որեւէ մասի հանձնման մասին խոսք չկա.
2) Ադրբեջանի եւ Հայաստանի փոխհարաբերություններում առկա է սեփական քաղաքացիներին եւ սահմանամերձ բնակավայրերը պաշտպանելու անհրաժեշտություն.
3) Ամբողջությամբ լուծված չեն ռազմագերիներին փոխանակելու եւ մահացածներին փոխանցելու հարցերը.
4) Առկա է պետական սահմանների ճշգրտման անհրաժեշտություն:
Այս պայմաններում, զինված ուժերը չեն կարող նշված կարեւոր հարցի լուծումը թողնել տեղական ինքնակառավարման մարմինների կամ քաղաքացիների ուսերին:
Քաղաքացիներին գերեվարելու կամ սպանելու ցանկացած միջադեպի համար պատասխանատվությունը կրելու է գլխավոր շտաբի պետը:
Հ.Գ. Վարչապետին չեմ դիմում, քանի որ նրա իրավասուբյեկտությունը վիճելի է: Վարչապետի ներկայության յուրաքանչյուր օրը ծանր հարված է մեր պետականությանը: