Ռուսական «Կոմերսանտը», հղում անելով թեմային տեղյակ իր աղբյուրներին, հայտնում է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, և դա է Հադրութի շրջանում սկիզբ առած լարվածության պատճառներից մեկը։
Բաքուն, մասնավորապես, պնդում է, թե հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից․ որպես հիմնավորում, Ադրբեջանում մեջբերում են եռակողմ հայտարարության չորրորդ կետը, որն ասում է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։
«Հիմա մենք տեսնում ենք, որ խաղաղապահները ողջ ծավալով արդեն տեղակայվել են, բացվել է հիվանդանոց և միջկառավարական մարդասիրական կենտրոն, բայց զինված մարդիկ՝ հայերը, դեռ մնում են», – թերթին ասել է ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Մամադովը՝ հավելելով․ – «Մեր համոզմամբ, այդ զինված խմբավորումները սպառնալիք են ստեղծում ոչ միայն ադրբեջանցիների, այլ, առաջին հերթին, ռուս խաղաղապահների համար»։
Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանություններից, պաշտոնական Ստեփանակերտը նաև չի պատասխանել «Կոմերսանտ»-ի հարցին՝ այս պահին ի՞նչ է կատարվում Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերում, որոնք անցած շաբաթավերջին անցել էին ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։
«Հայ պաշտոնյաները հրաժարվում են այս թեմայով բաց խոսել, սակայն զրույցներում՝ անանուն մնալու պայմանով, ակնարկում են, որ, իրենց կարծիքով, հայտարարության չորրորդ կետը վերաբերում է միայն Քելբաջարին, Աղդամին ու Լաչինին, որոնք հանձնվել են Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ը։ Այսինքն, ըստ հայկական կողմի, զինված ուժերը պետք է դուրս բերվեն միայն Ղարաբաղի հարակից շրջաններից, մինչդեռ բուն Ղարաբաղի տարածքում պետք է գործի հայտարարության մեկ այլ դրույթ՝ առաջինը։ Դրանում ասվում է, որ հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 10-ի կեսգիշերից, «Հայաստանն ու Ադրբեջանը կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում», ուստի, Հադրութի շրջանում ընկած այդ գյուղերը պետք է մնան հայկական ուժերի և կամավորների վերահսկողության տակ», – հղում անելով հայերին՝ գրում է «Կոմերսանտը»։
Պաշտոնական Բաքուն, արտգործնախարարության մակարդակով է հակադարձել՝ հայկական կողմի այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։
«Հայտարարության տեքստը ռուսերենով է, և այնտեղ ամեն ինչ հստակ գրված է։ Այն, ինչ Ձեզ ասում են հայերը, ընդամենը մեկնաբանություն է, իսկ մենք հղում ենք անում բուն տեքստին», – թերթին ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։
Փաստելով, որ կողմերը հիմա էլ եռակողմ հայտարարության դրույթների մեկնաբանության շուրջ են պատերազմ սկսել՝ «Կոմերսանտն» արձանագրում է՝ Հադրութի շրջանի երկու գյուղերի շուրջ վեճը ռուս խաղաղապահներն ի վերջո որոշել են հօգուտ Ադրբեջանի կարգավորել։
«Խաղաղապահների նոր քարտեզում այդ տարածքները ներկայացված են որպես ադրբեջանական, ավելին, պայմանական նշումներ բաժնում նոր գիծ է ավելացել, որով տարանջատվում է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտին։ Այս նորամուծությունը կարող է նշանակել, որ ռուս խաղաղապահներն իրավունք չունեն իրենց ազդեցությունը տարածել այդ գոտուց դուրս ընկած տարածքներում», – գրում է ռուսական «Կոմերսանտը»։
Ավելին, ըստ լրատվամիջոցների, Ադրբեջանի խորհրդարանում պատգամավորները հիմա հարց են բարձրացնում ռուս խաղաղապահների գործունեությունը օրենքով կարգավորելու մասին։ «Նրանց տրված մանդատի կամայական ու ազատ մեկնաբանությունները զայրույթ են առաջացնում Ադրբեջանում․ առաջին օրերին զուսպ արձագանքը հետզհետե վերածվում է բաց ու հրապարակային քննադատության»,- գրում է «Թուրան»-ը, մանրամասնելով՝ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի պահանջ են դնում ոչ միայն ընդդիմության, այլև իշխող կուսակցության պատգամավորները։
«Ո՞ր օրենքով են ռուս խաղաղապահները Ղարաբաղում մարդասիրական կենտրոն հիմնում, ավազ ու շինանյութ տանում»,- հարց է բարձրացրել նախագահ Ալիևի կուսակից, «Յենի Ազերբայջան»-ի քաղխորհդի անդամ Այդին Միրզազադեն, ընդգծելով՝ «սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն Ադրբեջանի իշխանությունների առանձնաշնորհն է»։ Ընդդիմադիր ժողովրդական ճակատի պատգամավոր Գուդրաթ Հուսանգուլիևն էլ պնդել է` անհրաժեշտ է այս հարցերը օրենքով կարգավորել․ «Գոյություն ունի միջազգային պրակտիկա, ըստ որի խաղաղապահները պետք է զբաղվեն իրենց անմիջական պարտականություններով, ոչ թե տնտեսական կամ քաղաքական հարցեր լուծեն»։
«Բազմաթիվ հարցեր են հնչում նաև խաղաղապահ առաքելության հրամանատարության հասցեին, որը քայլում է Ղարաբաղի դրոշի ներքո և գրկախառնվում անջատողականների հետ, որոնց նկատմամբ Ադրբեջանում քրեական գործեր են հարուցված։ Ինչո՞ւ են խաղաղապահները աչք փակում Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայության վրա»,- գրում է ադրբեջանական «Թուրան»-ը, եզրափակելով, – «այս հարցերի պատասխանները պետք է տրվեն, քանի որ եթե ինչ-որ մեկն ուզում է խաղաղապահ առաքելությունը վերածել Լեռնային Ղարաբաղի չճանաչված վարչակազմը պահածոյացնելու և պահպանելու գործընթացի, ապա հակամարտության վերսկսումը կդառնա անխուսափելի»։