Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Շնորհավոր ծնունդդ, Երվանդ, իմ երկրորդ կորուսյալ զավակ․ Միքայել Հաջյանի հուզիչ գրառումը

Այսօր դեկտեմբերի 14-ին Արցախյան գոյապայքարի անմահ հերոս Երվանդ Միքայելի Հաջիյանի ծննդյան օրն է․
Երդանդ Հաջիյանը ապրիլյան պատերազմի անմահ հերոս Նորայր Հաջիյանի եղբայրն է,Երվանդը աշխատել է Արցախի Արտաքին գործերի նախարարության աշխատակից․
Մասնակցել է 2020 թվականի գոյապայքարում Արա լեռ- Հադրութ պաշտպանական մարտերին Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին
Ամուսնացած էր ունի 2 անչափահաս զավակներ
Երվանդ Հաջիյանը Արցախի Հանրային Հեռուստատեսության աշխատակից Միքայել Հաջյաի որդին էր․ ներկայացնում են հայրիկի հուզիչ գրառումը հերոս որդու ծննդյան օրվա առիթով․

Այսօր կրտսեր որդուս՝ Երվանդի ծննդյան օրն է։ 43-ը պիտի լրանար։ Ավաղ, առաջին անգամն է, որ, ինչքան էլ ցանկանամ, չեմ կարող անմիջականորեն կրծքիս սեղմել զավակիս ու, ջերմորեն համբուրելով, շնորհավորանքի խոսք ասել, հայրական մաղթանքս տալ։ Երվանդս հոկտեմբերի 6-ից հավերժի ճամփան է բռնել՝ միանալով Արցախի պաշտպանության դիրքերում տակավին 2016-ի ապրիլի 4-ին անմահացած նույնպես կամավոորական ավագ եղբոր՝ Նորայրին, երկնային արքայության արժանացած հայոց քաջազուն հերոսների ստվար շարքին… Նորայրս աջ թեւս էր՝ հատվեց, Երվանդս՝ ձախ թեւս, հատվեց նույնպես։ Եվ արդ առանց թեւերի եմ մնացել… Հիմա ինձնից էլ ի՞նչ հայր, եթե չեմ կարող իմ զավակներին գիրկս առնել ու կրծքիս սեղմել… Գոնե տարին մեկ անգամ՝ թեկուզ միայն նրանց ծննդյան օրերին…
Ասում են՝ դու զորեղ մարդ ես, երեւի քար ու կրեն ես կերտված, դիմանում ես ցավին։ Բայց դիմանո՞ւմ եմ արդյոք… Թվում է միայն։ Էհ, արտաքուստ զուսպ եմ, այլոց, նաեւ հարազատներիս, անգամ թոռներիս, մանավանդ հարսներիս ներկայությամբ երբեք չեմ լացում։ Միայն զավակներիս վշտահեծ մայրն է, որ պահի ազդեցության տակ ակամա կերկերուն դարձած ձայնիս ելեւէջից կռահում է, որ լացում է հոգիս, որ հանուն իրեն հազիվ եմ սանձում հույզերիս փոթորկվող ալեբախումը եւ արցունքներս բացառապես ներս են հոսում՝ ծովանալով հոգուս խորքում…
Հոկտեմբերին էր։ Երեւանում։ Գնացել էի վշտակցելու պատերազմի թոհուբոհում բժիշկ որդուն նույնպես կորցրած մի սգավոր ընտանիքի։ Նահատակված հերոսի մայրը, տեսնելով իմ հնարավորինս զուսպ կեցվածքը, հեկեկանքի միջից դիմելով ինձ, հարցրեց. ՙԻնչպե՞ս եք դիմանում ձեր երկու ծանր ցավերին, ինչպե՞ս ես էլ ձեզ պես դիմանամ ցավին՚։ Պատրաստի դեղատոոմս չունեի, ուստի ակամա խորհուրդ տվի. ՙՁեր ցավն անանց է, բայց ներքուստ հպարտացեք ձեր հերոս զավակով ու Փառք ասեք նրան, որ իմացյալ մահով անմահացավ՝ կյանքը նվիրաբերելով հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, եւ ցավը կմեղմանա հնարավորինս։ Միայն այդպես է, որ դիմանում եմ զավակներիս կորստյան ցավին…՚։

Չգիտեմ, հարգարժան տիկինն ընդունե՞ց խորհուրդս։ Այլեւս չեմ տեսել նրան։ Բայց նրան տված խորհուրդս կենսաբեր սկզբունք է դարձած ինձ համար։ Ես Փառք եմ տալիս իմ նահատակված հերոս որդիներին՝ Նորայրին ու Երվանդին, բոլոր այն տղաներին եւ աղջիկներին, ովքեր անվեհեր ի զեն ելան հանուն Արցախ հայաշխարհի ու խիզախաբար մարտնչեցին մինչեւ վերջին շունչ։
Ես հպարտանում եմ բոլոր նրանցով, ովքեր, բարեբախտաբար, վահանով վերադարձան մարտադաշտերից կամ, ցավոք, տուն բերվեցին վահանի վրա։ Թող արտասովոր չթվա, եթե ասեմ՝ ես նրանց բոլորին էլ համարում եմ իմ հերոս զավակները։ Փառք նրանց։
Շնորհավոր ծնունդդ, Երվանդ, իմ երկրորդ կորուսյալ զավակ։ Ափսոս միայն, որ շտապեցիր տեղ զբաղեցնել Նորայր եղբորդ մոտ, դա իմ տեղն էր՝ իմ երազած վերջին հանգրվանը…

Please enter a valid URL