Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, թե դատախազությունն ավելի քան 60 մլն դրամ է ծախսել, ավելին՝ նոր հաստիքով դատախազ դարձած Սրբուհի Գալյանն առանձին նստավայր կունենա, որի կառուցման համար դատախազությունը ավելի քան 50 մլն դրամ գումար է տրամադրել։
«Այս օրերին, ցավոք, շատ բնորոշ է դարձել հանրային պրկված նյարդերի լարերի վրա խաղալով՝ մանր սենսացիաների պատրանք ստեղծելու համար «մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելը»:
Հերթականը կոնկրետ լրատվամիջոցին հղմամբ, այսօր այլ լրատվամիջոցներով ևս տարածված այն լուրն էր, թե իբր, պատերազմի օրերին դատախազությունը «ոչինչ չի խնայել» ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար նոր ծառայողական մեքենա ձեռք բերելու և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության համար նախատեսված վարչական տարածքի վերանորոգման համար՝ այդ նպատակով ընդհանուր ծախսելով 60 մլն ՀՀ դրամ:
Տեղեկատվությունը հրապարակող մեր գործընկերները «համեստաբար» մոռացել են դրանում նշել, որ նշված աշխատանքների համար պետական բյուջեից գումարները տրամադրվել են պատերազմից շատ ավելի վաղ: Մասնավորապես դրա վերաբերյալ որոշումները ՀՀ կառավարությունն ընդունել է 2020թ. սեպտեմբերի 10-ին իր համապատասսխանաբար 15-18Ն և 15-25Ն որոշումներով: Որից հետո բնականոն հունով սկսվել է գնումների, պայմանագրերի կնքման և մնացած ընթացակարգերը:
Իսկ դատախազությունը պատերազմի ընթացքում, իսկապես, «ոչին չի խնայել»: Հայկական զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ դատախազությունն իր բյուջեից այդ ընթացքում 78,5 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելու» խնդիրը, հավանաբար, թույլ չի տվել հրապարակվածի մեջ նաև այս մասին հիշատակել»,-գրել է Աբրահամյան: